ՀՀ-ն արհավիրքի հասցրած ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից, ինչպես նաև Սրբազանի կերպարից. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ գործը: Չեն գիտակցում, թե ինչ ազգային կոդ է պահվում Մայր Աթոռի սրտում: Արցախի Հանրապետությունը ոչնչացրած, իսկ Հայաստանի Հանրապետությունը արհավիրքի հասցրած ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից, քանի որ այն հենվում է պատմության, արժեքային համակարգի և հավատքի վրա: Շարժումն ազգային է, իսկ իրենք` ապազգային: Սարսափում են նաև Սրբազանի կերպարից: Նա կիրթ է, մարդկանց հետ շփման և խոսքը տեղ հասցնելու երկար տասնամյակների փորձ ունի, վայելում է հանրության լայն շրջանակի վստահություն և չափազանց խարիզմատիկ է: Նման առաջնորդներն ի վիճակի են վերադարձնել հասարակությանը ոտնահարված արժանապատվությունը, պայքարելու կամքը, պահանջատեր լինելու ձգտումը: Իսկ հասարակության նման մոբիլիզացիան խառնում է ոմանց ծրագրերը: Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու սպասավորը միշտ եղել է Հայաստանի հանրային կյանքի անբաժան մասը: Ո՛չ Սահմանադրության, ո՛չ էլ օրենսդրության մեջ չկա մի նորմ, որը կարգելի հոգևորականին ունենալ, արտահայտել և պաշպտպանել իր կարծիքը: Դեռ հակառակը, ըստ Սահմանադրության 18-րդ հոդվածի առաջին մասի. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Նկատե՛ք, Հայաստանի ժողովուրդը Սահմանադրությամբ ոչ թե պարզապես արժևորել է ազգային եկեղեցու ավանդն ու վաստակը, այլ ապագային միտված ԲԱՑԱՌԻԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է վերապահել: Այսինքն, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ունի ժողովրդի մանդատ և նշված հարցերին հետամուտ լինելու հանրային պատվեր: Եվ դա որևէ հակասություն չունի կրոնական կազմակերպությունների` պետությունից անջատ լինելու իրավակարգավորման հետ: Կասկածից վեր է, որ այսօրվա իրականության մեջ վտանգված են և՛ հայ ժողովրդի հոգևոր կյանքը, և՛ ազգային մշակույթը, և՛ ազգային ինքնությունը: Հոգևորականներն, ինչպես յուրաքանչյուր գիտակից քաղաքացի, չեն կարող անմասն մնալ այդ անմիջական սպառնալիքներին առերեսվելով: Երբ ոմանք ասում էին, որ եկեղեցին արխաիկ է, ես պատասխանում էի, որ այն պետք է պահպանողական լինի, երբ ասում էին, որ եկեղեցու կարիքը չեն զգում` Աստծո հետ անմիջական շփում ունենալով, արձագանքում էի, որ տկարամիտ են և չեն հասկանում ոչ միայն եկեղեցու լուսավորչական դերը, այլև չեն գիտակցում, որ ի դեմս Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գործ ունենք աշխարհի հնագույն ինստիտուտի հետ, որ 1723 տարվա ուղի է անցել` առանց ընդհատումների: Միայն մտածեք մի պահ, որ չկա աշխարհում այսօր գործող որևէ ինստիտուտ, որ հին լինի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուց: Իսկ եթե ոմանք չեն հասկանում աշխարհի հնագույն ինստիտուտի հայրենիք լինելու բացառիկ նշանակությունն, այդ թվում անվտանգային օրակարգ ձևավորելու առումով, ապա նրանց որևէ բան բացատրելն անհույս է: Երբ հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքում զրկվում էր պետականությունից, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին անմիջապես առաջ էր գալիս` ապահովելով հայ ժողովրդի ազգային կյանքն ու կենցաղը: Մեր վանքերն ու տաճարները վերածվում էին դպրոցների և համալսարանների, հիվանդանոցների և համայնքային կենտրոնների, դատարանների և մշակութային օջախների: Այսօր ևս եկեղեցին այդ առաքելությունը պատվով կատարում է Սփյուռքում` փրկելով տարագիր հայությանը ուծացումից և ինքնության կորստից: Հենց եկեղեցու այդ ջանքերի շնորհիվ էր, որ ամեն անգամ պատմական փորձությունների շրջանից հետո, հայ ժողովրդը կարողանում էր վերգտնել իրեն, վերածնվել և շարունակել իր շենացնող երթը: Խորհրդային տարիներին և՛ս մեր սուրբ եկեղեցին դարձավ ազգային շունչը խնամքով պահպանող, ողջ աշխարհից հայկական մշակույթը հայրենադարձնող, Հայաստանի և Սփյուռքի միջև կապն ապահովող ինստիտուտ: Հենց եկեղեցու ջանքերի շնորհիվ էր, որ Հայաստանը դարձավ խորհրդային երկու հանրապետություններից մեկը, որ օրենսդրորեն ամրագրել էր մայրենին որպես պաշտոնական լեզու: Բոլոր ժամանակներում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականներն առաջինն են եղել նաև ազգային ազատագրական պայքարի, պատերազմների, ցեղասպանության դաժան տարիներին` ինքնապաշտպանության մարտերի դաշտերում: Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ գործը: Չեն գիտակցում, թե ինչ ազգային կոդ է պահվում Մայր Աթոռի սրտում, չգիտեն, թե դեռ ինչ կենսական պահերի է մեր սուրբ եկեղեցին առաջ գալու` դառնալով ազգային փրկության, վերածննդի և առաջընթացի պահպանողական, բայցև անչափ առաջադեմ կենտրոն: Սրբազա՛ն Հայր, Աստված օգնական»:

Լրահոս