Հիշեցում․ հեղեղումների ժամանակ վարքագծի կանոններ․ ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ-ն հիշեցնում է հեղեղումների ժամանակ վարքագծի կանոնները․ «Ի՞նչ անել մինչև հեղեղումները – Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին: – Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար): – Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր: – Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ: – Հեղեղումների սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը: – Հետևեք տարհանման վերաբերյալ տեղեկատվությանը և կառավարման մարմինների ցուցումներին: – Իմացեք ձեր բնակավայրի ռելիեֆը և հեղեղումների սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները: – Եթե չեք հասցրել բնակավայրից հեռանալ, ապա տրանսպորտով կամ ոտքով բարձրացեք ձեր բնակավայրին մոտ գտնվող բարձրադիր վայրերը (բլուր, լեռ և այլն): – Պատրաստի ունեցեք լուսային ազդանշանային սարքեր: – Ամրացրեք այն ամենը, ինչ կարող է լողալ ջրի մեջ (կահույք և այլն): Հեղեղումների ընթացքում Եթե մարդիկ նկատում են, որ գետը վարարում է, և եթե տանն են, ապա շենքի նկուղային և առաջին հարկերից պետք է բարձրանան վերևի հարկեր։ Երկրորդածին երևույթներից խուսափելու նպատակով անջատում են գազ, ջուր, հոսանք և պետք է օգտագործեն միայն համապատասխան ծառայությունների ցուցումներից հետո: Փորձել կապ հաստատել ՆԳՆ փրկարար ծառայության հետ՝ զանգահարելով 911 հեռախոսահամարով: Փրկարարների ժամանելուն պես, քաղաքացիները պարտավոր են անվերապահորեն կատարել փրկարարների կողմից ներկայացված պահանջները, իրենց իսկ անվտանգության ապահովման համար: Եթե մարդը գտնվում է դրսում, ապա պետք է բարձրանա ցանկացած բարձրության վրա՝ ավտոմեքենայի տանիք, ցածր կառույցների տանիք և ինչ-որ ձևով հայտնի իր գտնվելու վայրի մասին՝ դա կլինի բղավոցով, ծուխ առաջացնելով կամ կրակ վառելով, ինչպես նաև զանգելով 911 հեռախոսահամարով՝ տեղեկություն հայտնելով իր գտնվելու վայրի մասին: Եվ պետք է իմանա, որ իրեն անպայման փնտրում են։ Վարար գետը ոչ մի դեպքում չպետք է մտնել, քանի որ ջրի հոսանքի դեմ հնարավոր չէ դիմակայել: Հեղեղումներից հետո Ոչ մի դեպքում ջրի մեջ հայտնված սննդամթերքը չի կարելի օգտագործել. այն այլևս պիտանի չէ։ Չի կարելի օգտագործել, որովհետև վարարած ջուրն իր հետ բերում է տարբեր վնասակար նյութեր։ Ջրի մեջ հայտնված կենցաղային իրերը, սպասքը, հագուստը անպայման պետք է ախտահանել և նոր միայն օգտագործել։ Ծորակի խմելու ջուրն օգտագործել միայն համապատասխան ծառայությունների ցուցումներից հետո. խորհուրդ է տրվում մի որոշ ժամանակ եռացնել, նոր օգտագործել։ Հեղեղումներից հետո, եթե մարդիկ վերադառնում են իրենց տները, ապա պետք է տունը զննեն, որովհետև ջուրն իր հետ կարող է բերել վտանգավոր կենդանիներ՝ կարիճներ, օձեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս