«ՀԱՊԿ-ին մասնակցությունն արտոնություն է»․ Գլխավոր քարտուղարը խոսել է Հայաստանին սպառնացող վտանգների մասին

ՀԱՊԿ անդամ երկրների վերլուծաբանները Հարավային Կովկասում իրավիճակի վատթարացման միտում են նկատում։ Ակնհայտ է, որ ռիսկեր կան, News.ru-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը՝ հավելելով՝ այս իրավիճակում տարածաշրջանի երկրների ղեկավարներն ավելի մեծ պատասխանատվություն պետք է ցուցաբերեն սեփական ժողովուրդների նկատմամբ։ «ՀԱՊԿ քարտուղարությունն իր հերթին միշտ պատրաստ է լուծել տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրները՝ Կազմակերպության նպատակներին, ստորագրված փաստաթղթերին և հայտարարված նախաձեռնություններին համապատասխան, ինչի մասին քարտուղարությունը բազմիցս է հայտարարել»,- ասել է Թասմագամբետովը։ Հարցին՝ Հայաստանի վարչապետը հայտարարել է ՀԱՊԿ-ում երկրի մասնակցությունը «սառեցնելու» մասին, որքանո՞վ է հավանական, որ Հայաստանն առաջիկայում կրկին կմասնակցի ՀԱՊԿ գործունեությանը, Կազմակերպության գլխավոր քարտուղարը պատասխանել է․ ««Սառեցում» հասկացություն ՀԱՊԿ փաստաթղթերում ամրագրված չէ, ուստի մենք այն չենք օգտագործի՝ ստեղծված իրավիճակի մասին խոսելիս։ Հայաստանն իսկապես զգալիորեն կրճատել է իր գործունեության շրջանակը՝ որպես ՀԱՊԿ անդամ, այնուամենայնիվ, աշխատանքները շարունակվում են, քարտուղարության օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկվում են՝ աշխատանքային կարգով։ Նախկին ծավալով գործունեությունը վերականգնելու որոշումը կախված է բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունից, և այս հարցում հստակությունը Կազմակերպության բոլոր մասնակիցների շահերից է բխում՝ առաջին հերթին՝ գործունեության ճիշտ պլանավորման համար»։ Մեկ այլ հարցի՝ ի՞նչ կկորցնի ՀԱՊԿ-ը, եթե Հայաստանը դադարեցնի անդամակցությունը, Թասմագամբետովը պատասխանել է․ «Հարցն այն չէ, թե ով ինչ կկորցնի։ Խնդիրը բոլորովին այլ է։ Նման դաշինքին մասնակցությունը արտոնություն է, որի շնորհիվ խելամիտ մոտեցում ցուցաբերող մասնակիցը հնարավորություն է ստանում լիարժեք ապահովել ազգային անվտանգությունը։ Հատկապես, եթե աշխարհաքաղաքական վիճակն այնպիսին է, որ մարտահրավերներն ու սպառնալիքները հենց տեղի վերլուծաբանների կողմից են հաճախ գնահատվում որպես էկզիստենցիալ»։

Լրահոս