Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքը բարեփոխող նախագծին

Նախագծի ընդունմամբ օրենսդրական ամրագրում կստանա «կենսաբանական մահ» հասկացությունը, ինչպես նաեւ կսահմանվի օրենսդրական հիմք` լիազոր մարմնի կողմից մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը հաստատելու համար: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 21-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: Նախագծի ընդունման արդյունքում օրենքով հստակ կնախատեսվեն դրույթներ նաեւ լիազոր մարմնի կողմից բնակչության շրջանում իրականացվող տեղեկատվության տրամադրման մասին` որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի, դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնության տրման իրավունքի վերաբերյալ: Կապահովվի նաեւ օրենքի դրույթների համապատասխանեցումը «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի եւ այլ իրավական ակտերին դրույթներին: Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Լրահոս