«Հայտնաբերվել և վերցվել է 9 մմ տրամաչափի պարկուճ»․ Նոր մանրամասներ` Մաշտոցի բաժնի ոստիկանի ինքնասպանության փորձի վերաբերյալ

2023 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:25-ին, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում լսվել է կրակոցի ձայն, որից հետո աշխատակիցները նկատել են, որ քննչական բաժնում ծառայություն իրականացնող ոստիկանն իրեն հատկացված պահակակետում գտնվում է արնաշաղախ վիճակում: Վերջինս, «գլխի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժհաստատություն: Պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Մաշտոցի բաժնի ոստիկան Վ.Մ.-ն 2023 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:00-ից, ծառայության մեջ է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ժամը 09:20-ի սահմաններում քննչական բաժնում գտնվող պահակակետում, իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակով կրակելու եղանակով, ինքնասպանության փորձ է կատարել: Դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն: Դեպքի վայրում` քննչական բաժնի՝ ոստիկանին հատկացված պահակակետում, կատարված զննությամբ հայտնաբերվել և վերցվել են մեկ հատ 9 մմ տրամաչափի պարկուճ, մեկ հատ «Մակարով» տեսակի՝ 7 փամփուշտով լիցքավորված ատրճանակ, արյան հետքեր: Բժշկական կենտրոնից առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները: Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանությանը, հարցաքննվել են մի շարք վկաներ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս