Համերգային շրջագայություն՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում

ՀՀ ԿԳՄՍ և ԱԳ նախարարությունների աջակցությամբ սեպտեմբերի 10-ից կմեկնարկի Հայաստանի պետական ջազ նվագախմբի միջազգային համերգային շրջագայությունը, որը նվիրված է Շառլ Ազնավուրի 100-ամյակին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շրջագայության առաջին երեք համերգները տեղի կունենան Եվրոպայում: Սեպտեմբերի 11-ին Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը կկայանա Բրյուսելի քաղաքապետարանի համերգասրահում, սեպտեմբերի 14-ին՝ Լյուքսեմբուրգի Էշ սուր Ալզետի քաղաքային թատրոնում, իսկ սեպտեմբերի 17-ին՝ Հունգարիայի երաժշտության տան դահլիճում: Համերգային ծրագիրը ներառում է Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունների նոր ջազային մշակումներ՝ մեծ ջազ նվագախմբի համար: Համերգների մենակատարներն են Ինգա Արշակյանը և Գոռ Սուջյանը: Հոկտեմբերին շրջագայությունը կշարունակվի Աֆրիկայում և Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ դեկտեմբերին կեզրափակվի Հարավային Ամերիկայում: Նախագիծն իրականացվում է «Շառլ Ազնավուր-100» միջոցառումների շրջանակում: Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս