Կոտայքի մարզի «Զովք» սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել 15 քաղաքացի

Երևան-Սևան ավտոճանապարհի հատվածում գործող «Զովք» սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել 15 քաղաքացի՝ նախնական տեղեկություններով՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել են ՆԳՆ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ոստիկանությունից նշել են, որ Երևան-Սևան ավտոճանապարհի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը Վերին Պտղնի բնակավայրի հատվածում տեղադրում է ուղեփակոց։ «Տեղում ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները ապահովում են աշխատանքի բնականոն ընթացքը, սակայն «Զովք» սուպերմարկետի աշխատակիցները փորձ են արել խոչընդոտել դրանք՝ իրականացնելով անհնազանդության ակցիա: ՆԳՆ ոստիկանությունը հասարակական կարգը պահելու ժամանակ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածով (ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելը) նախատեսված արարքի համար 15 անձի բերման է ենթարկել բաժին»,- նշել են ՆԳՆ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Լրահոս