
Կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու ժամկետը երկարաձգվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 22-ի նիստում երկարաձգեց անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու ժամկետը մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը:
Այս նախաձեռնության ժամկետ էր սահմանված մինչեւ հունիսի 30-ը: Աշխատանքի եւ սոցւիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ հաշվի առնելով, որ մեկնարկի պահից սկսած բոլոր ցուցանիշներով ունեցել ենք դրական դինամիկա, անկանխիկ գործարքների թիվը 8 անգամ աճել է. «Եթե 2022-ին դա 525 մլն դրամ էր, ապա 2023-ի մայիսի դրությամբ՝ 4,4 մլրդ դրամ: Շահառուների թվի մասով մեկնարկի սկզբին շահառուների թիվը 16 900 էր, 2022-ի դեկտեմբերին 66 800, իսկ արդեն մայիսին՝ շահառուների թիվը հատել է 114 հազարը:
Մեկ շահառուին հաշվարկված միջին հետվճարի չափը նույնպես աճել է, 2700-ից դառնալով 3300 դրամ: Ընդհանուր հետվճարը կազմել է շուրջ 2,38 մլրդ դրամ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ կենսաթոշակառուների 82,2 տոկոսն այժմ թոշակն ստանում է բանկային քարտերով»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ 595 հազար թոշակառուներից ու նպաստառուներից այս ծրագրից օգտվում է միայն 114 հազարը: