Կառավարությունը մոնիթորինգային կենտրոնի միջոցով կվերահսկի շահումով խաղերի ոլորտը

Շահումով խաղի ոլորտում գործունեություն ծավալող անձանց ցանկացած խաղային արտադրանք միջազգային հեղինակավոր լաբորատորիաների կողմից պետք է անցնի սերտիֆիկացում, կառավարության նիստին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ խոսքը բոլոր այն  խաղային սարքավորումների մասին է, որոնց միջոցով հնարավոր է կատարել խաղադրույք և ստանալ շահում։ Ներկայացնելով «Խաղաղային գործունեության կարգավորման մասին» և կից օրենքների փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ Բադասյանը նշեց, որ նախագծի ընդունումը երկու նպատակ ունի՝ թափանցիկության ապահովում և պատասխանատու խաղի ներդրում։ «Առաջին նպատակի առումով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի, ծրագրային միջոցների և տվյալների բազաների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիթորինգային կենտրոնին, ինչպես նաև համակարգին միացվող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին և ունենան համապատասխան սերտիֆիկատներ։ Շահումով խաղի գործունեության կազմակերպման ոլորտում գործունեություն ծավալող անձանց ցանկացած խաղային արտադրանք  (բոլոր այն սարքավորումներն են, որի միջոցով հնարավոր է կատարել խաղադրույք և ստանալ շահում) պետք է սերտիֆիկացում անցնի միջազգային հեղինակավոր լաբորատորիաների կողմից։ «Այդ սերտիֆիկացման փաստը ստուգվելու է օպերատորի կողմից, իսկ օպերատորը սահմանվում է կառավարության կողմից մրցութային կարգով։ Բոլոր այդ խաղային արտադրանքները պետք է միացված լինեն մոնիթորինգային կենտրոնում։ Մոնիթորինգային կենտրոնում օնլայն ռեժիմով տեղեկություն կունենանք  կատարված խաղադրույքի, ստացված շահման և մնացած ամբողջ տեղեկատվության մասին»,- ասաց Բադասյանը։ Հաջորդ կարգավորմամբ արգելվելու է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը Հայաստանի Հանրապետության տարածքում։ «Այս մասով ևս մշակված են միջոցառումներ, թե ինչպես պրակտիկայում դա բացառել»,- հավելեց Բադասյան։ Ըստ Բադասյանի՝ հաջորդ նորամուծությունը այն է, որ մոլախաղերի կամ ինտերնետ մոլախաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90 տոկոս։ «Սա նշանակում է, որ որևէ խաղային սարքավորում, երբ սերտիֆիկացվում է, ունի որոշակի ժամանակահատվածում որոշակի համամասնությամբ շահում ապահովելու հնարավորություն։ Եվ, եթե հիմա հնարավոր չէ ստուգել դա, որովհետև բացակայում է սերտիֆիկացումը և չկա միացում մոնիթորինգային կենտրոնին, օրենքը ուժի մեջ մտնելուց հետո հնարավոր կլինի դա օպերատորի միջոցով ստուգել՝ արդյոք 90 տոկոս շահման կանոնը որոշակի ժամանակի ընթացքում պահվո՞ւմ է, թե՞ ոչ»,- նշեց Բադասյանը։ Բադասյանի հայտնեց, որ մի շարք սահմանափակումներ են մտցվում, թե ով չի կարող մասնակցել շահումով խաղին։ « 21 տարին չլրացած անձինք, պետական բյուջեից ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականցվող սուբսիդավորման որևէ ծրագրով օգտվող քաղաքացիները, ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և ընտանիքի անապահովության հիմքով իրականացվող ծրագրի շահառուները չեն կարող մասնակցել շահումով խաղին։ Նշեմ, որ այս սահմանափակումներն արդեն իսկ օրենքում սահմանված են, բայց, եթե կառավարությունը հետագայում որոշի որևէ սոցիալական խմբի կրկին սահմանափակել, մոնիթորինգային կենտրոնի և միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավոր է հեշտությամբ դա իրականացնել»,- եզրափակեց Բադասյանը։ ՊԵԿ նախագահի խոսքով՝ օրենքը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։

Լրահոս