Լարված իրավիճակ «Զովք» սուպերմարկետի դիմաց. ոստիկանների ու քաղաքացիների միջև քաշքշուկ է եղել
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբվոյանի նախկին «գայի պոստի» հարևանությամբ գտնվող «Զովք» և մի քանի խանութների աշխատակիցներ ու տնտեսվարողներ, ինչպես նաև Վերին Պտղնիի բնակիչներ, ի նշան բողոքի փակել են ճանապարհը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում այդ օբյեկտների աշխատակիցներն ու գյուղի բնակիչները պահանջում են, որպեսզի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ընկերությունը հստակ պատասխանի, թե ինչից ելնելով և ում որոշմամբ պետք է ճանապարհի այդ հատվածում տեղադրվեն երկաթե արգելապատնեշներ, ինչն առաջին հերթին խոչընդոտ է հանդիսանալու իրենց համար:
«Մի քանի օր է՝ ուզում ենք այդ պատասխանը ստանալ, բայց ոչ ոք հստակ ոչինչ չի ասում: Քիչ առաջ տեղեկացանք, որ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը արդեն հատուկ տեխնիկաներով ժամանել ու իր գործն է անում: Փակվում է նաև գյուղից դուրս եկող մարդկանց ճանապարհը, թե ո՞նց են էդ մարդիկ անցնելու՝ չգիտենք»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավիճակը բավականին լարված է, և ժամանել են մեծ թվով ոստիկանության ծառայողներ՝ հիմնականում ոստիկանության Կոտայքի բաժնից և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները:
Քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցավ քաշքշուկ և քաղաքացիները, որպես խաղաղ անհնազանդության ակցիա և բողոքի նշան, փակեցին ճանապարհը:
Ոստիկանները ուժով բոլորին հեռացրին ճանապարհից, մի քանի հոգու էլ, ըստ հավաքված քաղաքացիների, բերման են ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին:
Այս պահին իրավիճակը լարված է։ Բնակիչներն ու ակցիայի մասնակիցներն ասում են․
«Մենք պարզապես ուզում ենք հստակ իմանալ՝ ինչից ելնելով է որոշվել, որ այդ հատվածն էլ սարքեն Փարաքարի ճանապարհի նման»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։