Լաչինի միջանցքի փակման պատճառով Հայաստանում մնացած ԼՂ քաղաքացիների կացության ծախսերը կփոխհատուցվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 26-ի նիստում որոշեց Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի շուրջ 486 քաղաքացիների կացությունը ապահովելու համար հատկացնել 98 490 500 դրամ: Դրանից 11.5 մլն–ը տրվել է Երևանի քաղաքապետարանին, 87 046 500-ը` Սյունիքի մարզպետարանին։ Կառավարության որոշման մեջ նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած Լեռնային Ղարաբաղի մի շարք քաղաքացիներ դիմել են Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի օպերատիվ շտաբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գրասենյակներ` Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով կացություն չունենալու խնդրով։ Քաղաքացիները տեղավորվել են տարբեր հյուրանոցներում։ Այսօր ընդունված որոշմամբ կառավարությունը փոխհատուցում է ԼՂ քաղաքացիներին կացություն տրամադրած կազմակերպություններին` 2023–ի հունվարի 10-ից մինչև հունվարի 25-ը ներառյալ կատարած հյուրանոցային ծառայությունների դիմաց։ Ավելի վաղ կառավարությունը մեկ այլ որոշմամբ արդեն փոխհատուցել էր մինչև ս.թ. հունվարի 9-ը ներառյալ կատարած ծախսերը։

Լրահոս