Իրենց կարճ խելքով մտածում են, թե Սամվելին խոշտանգելով կարող են վախեցնել սովորական մարդկանց, ոգեշնչել սեփական պատգամավորներին և կողմնակիցներին. Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է. «Մեր Սահմանադրությունը ունի մի ծուղակ, որը, իմ կարծիքով, միակ բանն է, որով այն տարբերվում է նախորդ Սահմանադրություններից (չասեմ՝ խմբագրություններից, քանի որ երեքն էլ իրարից իրենց էությամբ լրիվ տարբեր փաստաթղթեր են): Այդ ծուղակն այն է, որ իշխանափոխության համար բավարար է 2 քվեարկություն․ մեկը՝ գործող կառավարությանն անվստահություն հայտնելը, մյուսը՝ նոր վարչապետ ընտրելը: Հաշվի առնելով հասարակության զարգացման ցածր մակարդակը, հենց այդպես էլ տեղի ունեցավ ադրբեջանաթուրքական ոհմակի իշխանության գալը և շատ հնարավոր է՝ նույն ձևով նրանք հեռացվեն: Ընտրությունները՝ իրենց իրական իմաստով, հայ հասարակության համար չեն, ընտրություններով իշխանություն երբեք չի փոխվել ու չի էլ փոխվելու: Հետևաբար՝ կենսական նշանակություն ունի կապիտուլյանտի համար վերահսկողության տակ պահել իր խմբակցության պատգամավորներին: Սրանք, իհարկե, ոչ մի մարդկային որակով աչքի չեն ընկել, բայց, ի վերջո, ունեն կենսաբանական վախեր և սարսափած են, որ մի օր իրենց պարագլուխները կփախչեն, իսկ ազգային աղետի համար ամբողջ պատասխանատվությունը կընկնի իրենց վրա: Ճիշտն ասած, այդպես էլ լինելու է, դա ամենահավանական սցենարն է: Այդ խմբակցությունը վերահսկելու համար պետք է դրանց շողոքորթել, կաշառել և, իհարկե, երաշխավորել անվտանգությունը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական: Հենց այդ պատճառով է, որ կալանավորվել են Նարեկ Մալյանը, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, հիմա էլ կկալանավորվի Սամվել Վարդանյանը: Վերջինիս նկատմամբ կիրառված խոշտանգումն ունի մեկ այլ պատճառ ևս: Սամվելը սովորական քաղաքացի է, ի տարբերություն հասարակական և հրապարակային գործունեությամբ զբաղված նշածս քաղբանտարկյալների: Իսկ երբ արդեն սովորական քաղաքացին չի վախենում նիկոլական պատգամավորի երեսին ասել ճշմարտությունը, դա իրոք դրանց համար դառնում է սարսափելի: Իրենց կարճ խելքով, մտածում են, թե Սամվելին խոշտանգելով, այնուհետև որևէ կերպ հանցագործներին չպատժելով և նույնիսկ չհայտնաբերելով, կարող են մի կողմից՝ վախեցնել սովորական մարդկանց, մյուս կողմից՝ ոգեշնչել սեփական պատգամավորներին և կողմնակիցներին: Երկու դեպքում էլ չարաչար սխալվում են: Էֆեկտը լինելու է լրիվ հակառակը: Հ.Գ. Բայց մի հարց ինձ տանջում է: Նիկոլ ընտրածներից ու հիմա փոշմանածներից գոնե մեկնումեկը իրեն մեղադրո՞ւմ է կատարյալ տգետ և կույր լինելու մեջ, թե միայն ասում է, որ իրեն խաբեցին»։

Լրահոս