Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Հատված հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքից՝ News.am-ին տված հարցազրույցի շրջանակում․ «Սա իրական Հայաստանը չէ, սա Հայաստանի խայտառակությունն է։ Սա հայ ժողովրդի խայտառակությունն է։ 5 000-ամյա բնիկն ժողովուրդն այստեղ ունենա ամենափոքր երկիրը և սեղմված լինի Ադրբեջանի և Թուրքիայի միջև՞ և կենսունակ չլինի՞․ բնիկ ժողովուրդը։ Թե՞ դուք բնիկ չեք, թե՞ բնիկները թուրքերն են, որ համարում են, թե Ադրբեջանը Բաքվից ձգվում է մինչև Բաթում։ Իսկ Թուրքիան էլ համարում է, որ Թուրքիան ձգվում է Ստամբուլից մինչև Բաքու։ Որտե՞ղ է ձեր Հայաստանը․ ձեր Հայաստանը որտե՞ղ է՝ «իրական Հայաստանը» որտե՞ղ է։ Դուք բնիկ ժողովու՞րդն եք այս լեռնաշխարհի, Հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովու՞րդն եք, թե՞ ոչ։ Դուք պահանջ ունե՞ք, թե՞ ոչ։ Խոսքն ա՛յս մասին է։ Ի՞նչ է նշանակում՝ «իրական Հայաստան»։ Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական սահմաններով․ բնական, աստվածատուր սահմաններով։ Եթե ամբողջ դարերի ընթացքում տեր չեք եղել, էլի էսպես մանր առևտրականի հոգեբանությամբ, «առևտուր կանենք» հոգեբանությամբ ծախծխել եք հայրենիքը, թուրքն էլ մնացածը ոչնչացրել և բնաջնջել է, հայի ներկայությունը վերացրել է, սա նշանակում է, որ իրական Հայաստանը սա՞ պիտի լինի։ Էդպես է՝ գնացեք, 10 000 քառակուսի կիլոմետրի վրա կենտրոնացեք՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով, ասեք՝ սա է «իրական Հայաստանը»։ 10 000 քառակուսի կիլոմետրն էլ է «բավարար»՝ լիուլի երջանիկ ապրելու համար՝ փողի իմաստով։ Ի՞նչ պետք ունեք․ 30 000 քառակուսի կիլոմետրի էլ պետք չունեք, 10 000-ի էլ պետք չունեք․ Երևանի մեջ պարփակվեք, Երևանի սահմանները գծեք, «գոհ ու երջանիկ»՝ ապրեք։ Չի՛ կարելի ազգի պատմությունը ջնջել։ Որ ուրիշ ազգեր մեր պատմությունը ջնջում են, հասկանալի է, բայց որ մենք մեր ձեռքով մեր պատմությունը ջնջում ենք, սա ինչպե՞ս կարելի է հասկանալ»։

Լրահոս