Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին
Լիբանանի մայրաքաղաքում վաղ առավոտյան ուժգին պայթյուններ են լսվել։ Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսրայելը պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ճշգրիտ հարվածներ է հասցրել Բեյրութի Դահիյեի շրջանում «Հեզբոլլահ»-ի զենքի արտադրամասերի և այլ ենթակառուցվածքների։
ԻՊԲ-ն նշում է, որ քայլեր է ձեռնարկել քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը մեղմելու համար՝ նախազգուշացումներ տարածելով և օգտագործելով ճշգրիտ զենքեր։
Իր հերթին The Associated Press-ը հաղորդում է, որ Իսրայելը Բեյրութի հարավային արվարձանի երեք շենքերի բնակիչներին կարգադրել է տարհանվել, որից կարճ ժամանակ անց հարված է հասցրել։
Իսրայելը նաև հարվածել է Լիբանանի Սիդոն քաղաքի մերձակայքում գտնվող պաղեստինյան փախստականների ճամբարին։ Ըստ Reuters-ի աղբյուրների՝ ԻՊԲ-ի թիրախում է եղել պաղեստինյան ՖԱԹՀ շարժման լիբանանյան ճյուղի հրամանատարը, որի ճակատագիրը հայտնի չէ։ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալությունը այդ բազմամարդ ճամբարում ծառայություններ է մատուցում գրեթե 50 000 փախստականի։
«Հեզբոլլահ»-ն իր հերթին հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։ Խմբավորումը հայտնել է, որ հրետանային հարվածներ է հասցրել Մետուլայում իսրայելական զորքերին։ Իսրայելը հաստատել է, որ վաղ առավոտյան Մետուլայում շչակներ են գործարկվել։ Ըստ ԻՊԲ-ի՝ Լիբանանից 5 արկ է արձակվել, որոնց մի մասը խոցվել է։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրի հարավային շրջաններին, արևելյան Բեքաայի հովտին և Բեյրութին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 95 մարդ է զոհվել, 172 մարդ՝ վիրավորվել։ Սեպտեմբերի 23-ից շարունակվող ռազմական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը։
ԻՊԲ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ցամաքային գործողություն է սկսել Լիբանանի հարավում։