Իշխանություններն առաջիկայում լուրջ գործընթացների են պատրաստվում. Ագնեսա Խամոյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ձերբակալելը քաղաքական է, որով փորձ է արվելու հանրության ուշադրությունը շեղել բոլոր այդ գործընթացներից: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Այս քաղաքական հետապնդումները պարոն Աշոտյանի նկատմամբ վաղուց են իրականացվում: Այս իշխանություններին ի վերջո հաջողվեց ազատությունից զրկել Աշոտյանին. մարդու, ով միջազգային հարթակներում բավականին լուրջ աշխատանք էր իրականացնում Հայաստանի և Արցախի համար: Նա պարբերաբար այցելում էր միջազգային կառույցներ, նաև նախկինում ձևավորված կապերի միջոցով պարբերաբար աշխատանքներ էր իրականացնում: Հետևություն կարող են անել, որ այդ աշխատանքն այս իշխանություններին պետք չէ: Այսինքն՝ նա խանգարող հանգամանք էր հանդիսանում այն ծրագրի իրագործման ճանապարհին, որով այսօր առաջնորդվում են այս իշխանությունները»,- ասաց Ագնեսա Խամոյանը: Խամոյանի խոսքով՝ իշխանություններն առաջիկայում լուրջ գործընթացների են պատրաստվում. «Այս պայմաններում շատ բնական է, որ իրենք ջղաձգված կլինեն: Բնական է, որ նրանք ամեն ինչ պետք է անեն քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու, ճնշելու: Նրանք չեն էլ թաքցնում, որ առաջիկայում ծանր պրոցեսներ են սպասվում»:

Լրահոս