Ինչպես սատանան՝ խունկից, այնպես էլ ոստիկանները փախչում են Արցախի մասին հարցից․ Անդրանիկ Թեւանյան
Էրեբունի վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանին մոտեցան ոստիկաններ եւ սկսեցին հետաքրքրվել, թե որ ուղղությամբ պետք է շարժվեն դաշինքի անդամները։
Անդրանիկ Թեւանյանն էլ նրանց հարցրեց, թե որն է ոստիկանների դիրքորոշումը Արցախի հարցի մասին՝ արդյոք նրանք եւս Փաշինյանի նման կարծում են, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։
Հարցը լսելով՝ ոստիկաններն հեռացան։
«Ստացվում է՝ ինչպես սատանան խունկից, այնպես էլ ոստիկանները փախչում են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցից։ Նրանք անմիջապես փախչում են տարածքից՝ ասելով, որ քաղաքականությամբ չեն զբաղվում։ Բայց սա քաղաքական հարց չէ, սա անվտանգային խնդիր է»,- ասաց Թեւանյանը:
Նրա խոսքով՝ եթե ոստիկանությունը սպասարկում է գործող իշխանությանը, դրանով խախտում է ՀՀ օրենսդրությունը, մինչդեռ ոստիկանությունը պետք է պաշտպանի ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Անկախության հռչակագիրը։
«Իրենք իրավունք չունեն, ուսադիր կրելով հանդերձ, ընդունելու մեր օրենսդրությանը հակասող մոտեցում։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը պետական հանցագործություն է եւ խաբեություն ընտրողներին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը խոստացել է ընտրողներին, որ հետապնդելու է Արցախի ինքնորոշման իրավունքը եւ բերելու է խաղաղություն, իսկ հիմա տեսնում ենք, որ փաստացի Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս՝ դրանով իսկ նպաստելով Արցախի պաշարմանը»,- ասաց Թեւանյանը:
Այս քաղաքականությանը չհամաձանելու դեպքում նա քաղաքացիներին հրավիրեց սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18։00, գալ Ազատության հրապարակ՝ Արցախի Անկախության օրվան նվիրված հանրահավաքին՝ ցույց տալու, որ Արցախը մենակ չէ, Արցախն ուրացել են իշխանությունները, բայց ոչ ժողովուրդը։