Ինչին հանգեցրեց Փաշինյանի քաղաքական ֆիասկոն

Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը Հայաստանին կանգրեցրել է լուրջ մարտահրավերների շեմին: Առկա միջազգային տուրբուլենտության պայմաններում Հայաստանի իշխանության որդեգրած արտաքին քաղաքական կուրսը ծանր դրության մեջ է դրել երկիրը, որի արդյունքում ՀՀ արտաքին քաղաքականությունը լուրջ ֆիասկո է ապրում և շատ լուրջ ռիսկեր ստեղծում երկրի համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի անդամ, քաղաքագետ Արման Ղուկասյանը։ Նրա խոսքով, 2023 թվականն ամփոփելիս կարելի է ասել, որ ՀՀ անվտանգության համակարգի այսպես կոչված դիվերսիֆիկացման փորձերը, ինչպես նաև նոր դաշնակիցների որոնումը, մեղմ ասած, շոշափելի արդյունք չեն տվել, Հայաստանը դրանից ոչինչ չստացավ, քանզի ներկայիս միջազգային առճակատման ֆոնին արևմտյան երկրները ուղղակի ժամանակ չունեն Հայաստանով զբաղվելու, ինչն ի սկզբանե ակնհայտ էր: «Մենք ոչինչ չստացանք: Ավելին, Փաշինյանի թիմը փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց այդպես էլ չկարողացավ ձեռք բերել նոր դաշնակիցներ, ինչը, հաշվի առնելով տարածաշրջանում առկա մարտահրավերները, կարելի է որակել որպես ինքնասպանություն: ՀՀ քաղաքական ղեկավարության բոլոր կանխատեսումները ոչ միայն չիրականացան, այլեւ տեղի ունեցավ հակառակը՝ Արեւմուտքը բացահայտ հայտարարում է, որ չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը: Ու պարզվեց, որ Հայաստանի անվտանգության համակարգի համատեքստում իրականում այլընտրանք չկա, ինչի մասին բազմիցս խոսել է Նիկոլ Փաշինյանը։ Սա կատարյալ սխալ հաշվարկ է՝ զրոյական արդյունքով»,- ընդգծեց նա։ Միևնույն ժամանակ, ասաց բանախոսը, տնտեսության զարգացման հարցում ունենք լավատեսական ցուցանիշներ: Ըստ նրա, 2023 թվականի վերջին հանրապետությունում ապրանքաշրջանառության աճ արձանագրվեց ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵԱՏՄ երկրների հետ։ Արման Ղուկասյանը բերեց մի շարք վիճակագրական տվյալներ, որոնք վկայում են այդ մասին. օրինակ, միայն ՀՀ և ՌԴ միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին, 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 77%-ով և գերազանցել 4,1 մլրդ դոլարը, ինչը ռեկորդային է։ Հայաստանից արտահանումը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 77,7%-ով՝ կազմելով 5360,1 մլն դոլար, իսկ ներմուծումը կազմել է 8768,7 մլն դոլար՝ 2021 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ գրանցելով 63,5% աճ։ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-նոյեմբերին, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ավելի քան 90%-ով և կազմել 4,6 մլրդ դոլար, միաժամանակ ներմուծումն աճել է ավելի քան 50%-ով։ «Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելը նշանակում է կտրել այն ճյուղը, որի վրա նստած ես»,- ընդգծեց նա։ Արման Ղուկասյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ ղեկավարության սխալները ակնհայտ են նաև տարածաշրջանային զարգացումների օրակարգում։ Նրա խոսքով, ՌԴ միջնորդությունից հրաժարվելը և Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում արևմտյան մոտեցումներին հավատարիմ մնալու ցանկությունը հանգեցրեց նրան, որ մենք կորցրեցինք Արցախը՝ Պրահայում Արևմուտքի միջնորդությամբ 2022 թ. հոկտեմբերի 6-ի Փաշինյանի և Ալիևի հայտարարությամբ, որը լուրջ շրջադարձ էր ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունից: Ասաց՝ բոլոր խնդիրները հենց այստեղից, երբ Փաշինյանը ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս։ «Այսօր այդ սխալները հաշվի չեն առնվել եւ ՀՀ իշխանությունները շարունակում են հավատարիմ մնալ արեւմտյան երկրների մոտեցումներին հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համատեքստում։ Ադրբեջանի ղեկավարն ավելի ու ավելի է պահանջում, իսկ ՀՀ իշխանության ներկայացուցիչները բացահայտ խոսում են ադրբեջանական կողմի խաղաղության ցանկության բացակայության մասին։ Վերջին շրջանում Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացը հիմնականում ընթանում էր արեւմտյան հարթակներում, սակայն շոշափելի արդյունքների հասնել չհաջողվեց։ Իրականում, կարելի է ասել, որ գործընթացն էլ ավելի է բարդացել, ինչ-որ առումով դանդաղել, որը հղի է տարածաշրջանի համար լուրջ ռիսկերով»,- վստահ է Արման Ղուկասյանը։ Հարավային Կովկասը, շարունակեց նա, դարձել է բազմաթիվ միջազգային խաղացողների շահերի բախման տարածաշրջան, արտաքին ուժերի թվում կան այնպիսիք, որ շահագրգռված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ։ Բայց, ընդգծեց նա, Հայաստանը չպետք է հայտնվեր հիմնական խաղացողների շահերի բախման էպիկենտրոնում, սակայն ՀՀ կառավարության անհեռատես քաղաքականության արդյունքում այսօր արդեն հայտնվել ենք ծանր վիճակում. «Հայաստանը պետք է խուսափի նրանից, որպեսզի արտաքին խաղացողները իրեն օգտագործեն երրորդ ուժերի դեմ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է վերջին օրերին ներքաղաքական օրակարգում ամենից շատ քննարկված թեմային, Արման Ղուկասյանն ասաց, որ քանի որ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, ապա անհրաժեշտություն առաջացավ Սահմանադրությունից հանել այն կարևորագույն կետը, որով ՀՀ-ն ճանաչվում է Արցախի անվտանգության երաշխավորն է: Եվ ահա իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի, դա ցանկանում է անել. «Բոլորս հիշում ենք, որ 2021 թվականին Ալիևը նման պահանջ է հնչեցրել, որ Հայաստանը պետք է ընդունի նոր Սահմանադրություն։ Եվ թվում է, թե ՀՀ իշխանությունների այս քայլը՝ նոր Սահմանադրություն ընդունելը, առաջին հերթին բխում է Բաքվի շահերից։ Այսինքն՝ մենք փաստաթղթային կարգով, Սահմանադրությունով կփակենք Արցախի հարցը։ Կարծում եմ, որ Փաշինյանը հայտարարեց, որ մեզ պետք են ոչ թե սահմանադրական բարեփոխումներ, այլ նոր Սահմանադրություն հենց այս ամենակարևոր խնդրի պատճառով, որից Հայաստանի իշխանությունը փորձում է ընդմիշտ հրաժարվել»,- եզրափակեց Ղուկասյանը։

Լրահոս