Ինձ հայտնի 10-րդ դեպքն է, երբ դպրոց գնալու ճանապարհին երեխաները ենթարկվում են շների հարձակմանը. Փաստաբան

Ցանկացած երեխայի մահվան դեպք ոչ միայն պետք է քննվի, այլ նաև հանգեցնի հետևությունների ու օրենսդրական կամ առօրյա փոփոխություններ բերի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Դավիթ Թումասյանը։ ««Երեխա-շուն» միջադեպը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը, և որքան էլ կենդանասերները մեղադրում են մարդկանց՝ շների ագրեսիվ վարքագծի ձևավորման մեջ, երեխաներին, ովքեր հաճախ հարձակվում են՝ պաշտպանվելու կամ չվախենալու համար, և այլ պատճառներ են բերում արդարացնելու որոշ շների վարքը, հաստատ մահացած երեխան այդ ագրեսիայի մեղավորը չէր և չպետք է տուժեր ոչ այդ շներից, ոչ էլ մարդկանց ագրեսիայով ագրեսիվացած շներից…. Ինձ հայտնի առնվազն 10-րդ դեպքն է, երբ դպրոց գնալու ճանապարհին երեխաները ենթարկվում են շների հարձակմանը և նրանց կրթության իրավունքի իրացումը տեխնիկապես դառնում է անհնարին: Եվ կապ չունի՝ շո՞ւնն է երեխային կծել, թե՞ շնից փախնելուց երեխան ընկել է... Որոշ երեխաներ դպրոց գնալուց գրպանում կամ պայուսակում շան կեր են տանում, որ եթե կենդանիները մոտենան, նրանց կերակրեն ու հանգիստ գնան դպրոց: Սակայն, նշեմ, որ երեխան պարտավոր չէ դա անել իր անվտանգությունն ապահովելու համար: Ավելին, նման վարքագծով ինքը կենդանու մոտ ձևավորում է պայմանական ռեֆլեքս, որ դպրոցական պայուսակով երեխան նրան կարող է սնունդ տալ, և պայուսակով մեկ այլ երեխային մոտենալով՝ շունը, միգուցե, սնունդ է ուզում, սակայն երեխան սնունդ չունի և տրամաբանական է՝ կարող է վախենալ իր ուղղությամբ վազող շնից: Բնավ դեմ չլինելով շների ազատ զբոսանքին, միևնույն է, կպաշտպանեմ երեխաներին և «երեխա-շուն» հարաբերություններում կհիշեցնեմ, որ կա երեխայի լավագույն շահ, որն ապահովելը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունն է: Հետևաբար․ 1) կա՛մ պետք է արդյունավետորեն կազմակերպել շների ստերջացումը, որ չբազմանան, իսկ հարկ եղած դեպքում՝ շների խնամքի կազմակերպումը հատուկ տարածքներում, դրան զուգահեռ՝ հետևողականորեն տույժի ենթարկելով կենդանիների այն սեփականատերերին, ովքեր լքում են իրենց կենդանիներին՝ թողնելով փողոցում (և տույժը պետք է լինի այնպիսին, որ դրա հաշվին հնարավոր լինի կազմակերպել այդ կենդանու խնամքը), 2) կա՛մ էլ դպրոցների և երեխաների գտնվելու այլ վայրերի (մանկապարտեզ, սպորտդպրոց, խաղահրապարակ և այլն) մոտակայքում մշտապես կազմակերպել վերահսկողություն՝ հատուկ միջոցներով զինված մասնագետների կողմից․ էլեկտրաշոկեր, քնաբեր կրակող սրվակներ և այլն: Ընդ որում, այդ մասնագետները պետք է  վերապատրաստվեն հատուկ միջոցները կիրառելու և երեխայակենտրոն ու կենդանասեր վարքագիծ դրսևորելու վերաբերյալ», - գրել է փաստաբանը։

Լրահոս