Ինձ ասում են՝ Հա՛յկ ջան, բա քեզ պե՞տք ա, առոք-փառոք ապրում ես. Հայկ Մարությանը՝ քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին 

Վերջին շրջանում տարբեր վայրերում ինձ մոտենում են մեր քաղաքացիները և հարցնում են՝ արդյո՞ք Երևանի քաղաքապետի ընտրություններին առաջադրելու եմ իմ թեկնածությունը, ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեսանյութ է հրապարակել Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Պատասխանս միշտ նույնն է՝ դեռ չեմ որոշել»,- նշում է Հայկ Մարությանը։ «Ինձ ասում են՝ Հա՛յկ ջան, բա քեզ պե՞տք ա, քո համար առոք-փառոք ապրում ես, ամեն ինչ ունես՝ սերը, հարգանքը, բարեկեցիկ կյանքը։ Ընդ որում, այդ նույնն ինձ ասում էին 2008 թվականին, երբ մասնակցում էի ընդդիմության միտինգներին, նույնը ասում էին տրանսպորտի թանկացման դեմ պայքարի ժամանակ, նույնը ասում էին 2018 թվականի հեղափոխության ժամանակ։ Մի խոսքով՝ միշտ։ Առաջին հայացքից այս խոսքերի մեջ կա տրամաբանություն, բայց դա՝ միայն առաջին հայացքից, որովհետև չի կարող մարդը ո՛չ անձնական, ո՛չ էլ ընտանեկան բարեկեցություն ունենալ, երբ շրջապատն անբարեկեցիկ է։ Չի կարող լինել անձնական երջանկություն, երբ համայնքդ ու երկիրդ երջանիկ չեն։ Ես կարծում եմ, որ դա պետք է ոչ միայն ինձ, այլև բոլոր այն մարդանց, ովքեր սիրում են իրենց քաղաքը, իրենց երկիրը, ովքեր անտարբեր չեն մեր հայրենիքի նկատմամբ, որովհետև եթե դա չանենք մենք, դա անելու են մարդիկ, ովքեր առաջնորդվում են միայն իրենց սեփական և խմբակային շահերով, ովքեր թքած ունեն, ընդ որում, այս անգամ արդեն ոչ միայն փոխաբերական, այլ ուղիղ իմաստով թքած ունեն մարդկանց, ժողովրդի և պետության շահերի վրա։ Հետևաբար, չենք կարող անտարբեր մնալ մեր կողքինների ճակատագրի նկատմամբ, չենք կարող չպայքարել մեր, մեր երեխաների և մեր ժողովրդի ապագայի համար», - ասել է Հայկ Մարությանը։ Նա նշել է, թե պայքարն ավարտված չէ։ «Ինձ պետք է, որ Երևանը ծաղկի, որ մեր Հայաստանը նորից ոտքի կանգնի։ Հետևաբար, ես հայտարարում եմ, որ իմ թիմի հետ միասին մասնակցելու ենք Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին»։

Լրահոս