Իմ այցը Հայաստան հաստատեց, որ ԱՄՆ-ն պետք է ավելին անի էթնիկ զտումները կանխելու համար. Գարի Փիթերս

«Իմ այցը հաստատեց, որ մենք պետք է ավելին անենք հայերի կյանքը պաշտպանելու և էթնիկ զտումները կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Սենատի ներքին անվտանգության և կառավարական հարցերի հանձնաժողովի նախագահ, Զինված ծառայությունների հանձնաժողովի անդամ, վերջերս Հայաստան այցելած սենատոր Գարի Փիթերսը (Միչիգան): «Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար սարսափելի իրավիճակով», - ասել է սենատոր Փիթերսը: «Այս այցը հաստատեց, որ մենք պետք է ավելին անենք հայերի կյանքը պաշտպանելու և էթնիկ զտումները կանխելու համար։ Հայ ժողովրդին ցուցաբերվող օգնության ավելացումը չափազանց կարևոր է, և մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին օգնություն տրամադրելը և նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանենք Ալիևի ռեժիմի դեմ։ Հումանիտար օգնություն տրամադրող կազմակերպություններին պետք է թույլ տան մուտք գործել տարածաշրջան, իսկ միջազգային դիտորդները պետք է ուղարկվեն Լեռնային Ղարաբաղ՝ տեղում դիտելու, թե ինչ է կատարվում: «Ես կշարունակեմ աջակցել և պաշտպանել հայ ժողովրդին և Միչիգանի ուժեղ հայկական համայնքին»: Այցի ընթացքում Փիթերսը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբենյանի, ընդդիմադիր պատգամավորների, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Հայաստանում ԵՄ առաքելության ներկայացուցիչների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ։ Անցյալ շաբաթ Փիթերսը ելույթ է ունեցել Սենատում, որտեղ նա դատապարտել է Ադրբեջանի կառավարության ռազմական ագրեսիան և բռնությունը հայերի նկատմամբ և կոչ արել ԱՄՆ-ին աջակցել հայ ժողովրդին։ Փիթերսը նաև վերջերս օգնեց Սենատում ներկայացնել երկկուսակցական օրինագիծ՝ Լեռնային Ղարաբաղի հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու, ԱՄՆ-ի անվտանգության լրացուցիչ օգնության հոսքը Ադրբեջանի կառավարությանը կանխելու, Հայաստանին օտարերկրյա ռազմական ֆինանսավորումը թույլատրելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար ռազմավարության մշակման և հայերի դեմ իր գործողությունների համար Ալիևի վարչակարգին պատժելու վերաբերյալ»:

Լրահոս