Երևանի քաղաքապետարանը չի հերքում՝ «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրենի պաշտոնի համար դիտարկվում է Սոս Ջանիբեկյանի թեկնածությունը

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է տարածվող լուրերին, համաձայն որոնց դերասան Սոս Ջանիբեկյանը կնշանակվի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրեն։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը նշել է, որ թատրոնի տնօրենի նշանակման համար նախ պետք է մրցույթ հայտարարվի, թեկնածուները պետք է մասնակցեն մրցույթին, իսկ հաղթողը Երևանի քաղաքապետի որոշմամբ ստանձնի տնօրենի պարտականությունները: «Դեռ մրցույթ չկա, չկա նաև մասնակիցների ցանկ, ուստի այն տեղեկությունը, որ Սոս Ջանիբեկյանը նշանակվել է «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրեն, չի համապատասխանում իրականությանը»,-նշել է Կոստանյանը և չի հերքել՝ Ջանիբեկյանի թեկնածության վերաբերյալ քննարկումներ կան: Անդրադառնալով մրցույթի հայտարարման ժամկետներին՝ Կոստանյանն ասել է՝ ժամկետներ դեռ չեն նախանշվում: Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Սոս Ջանիբեկյանը նշանակվելու է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրեն: Ջանիբեկյանը չէր հերքել լուրն ու նշել էր, որ այն դեռ քննարկման փուլում է:

Լրահոս