Երուսաղեմի հայ համայնքի նկատմամբ բռնությունների աճ կա․ France24-ը՝ Երուսաղեմի «Կովերի այգում» իրավիճակի մասին

France24-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասում տիրող իրավիճակին՝ գրելով, որ Երուսաղեմում ծայրահեղ աջերն ահաբեկլով տեղի հայ համայնքին՝ փորձում են ստիպել վաճառել հայկական թաղամասի մի մասը։ «Երուսաղեմի հայ համայնքի պատմական «Կովերի այգին» 2021 թվականին գնվել է ավստրալացի գործարարի կողմից՝ այնտեղ հյուրանոց կառուցելու նպատակով։ Մի քանի շաբաթ է, ինչ նախագծին դեմ հայ համայնքը ենթարկվում է ահաբեկման՝ նոր սեփականատերերի կողմից։ Ընդամենը մի քանի ամսում Երուսաղեմի այս ավտոկայանատեղին դարձել է քաղաքական հակասությունների կենտրոն»,-գրում է France24-ը՝ նշելով, որ հին քաղաքի մուտքի այս տարածքը ներկայացնում է հայկական թաղամասի 25%-ը։ Սակայն 2021 թվականին Երուսաղեմի պատրիարքարանը՝ հայ համայնքի կրոնական իշխանությունները, որոշել են մի քանի շինությունների հետ 99 տարի վարձակալությամբ վաճառել մի գործարարի։ Ըստ հոդվածագրի՝ հայ համայնքի նկատմամբ բռնությունների աճ կա, և հայ համայնքի որոշ անդամներ ասել են, որ հողերը հետ գնելու հարցից բացի, իրենց ավելի ու ավելի քիչ ապահով են զգում: «Ըստ հայ համայնքի անդամ Լիանա Մարգարյանի՝ այս լարվածությունը սկիզբ է առել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սկզբից՝ 2020 թվականին: Հրեական թաղամասի բնակիչները 40 տարի մեր հարևաններն են, և մենք երբեք խնդիր չենք ունեցել նրանց հետ։ Իհարկե, միշտ էլ լինում են վիրավորանքներ այն մարդկանց կողմից, ովքեր չեն սիրում եկեղեցիներ կամ խաչեր տեսնել... Բայց դա էական չէ Վերջերս մենք մեզ ուղղակի թիրախ ենք զգում»,-ասել է նա։ France24-ը նշում է, որ չնայած ահաբեկումներին, հայ համայնքի անդամներն ասում են, որ ցանկանում են շարունակել մոբիլիզացիան ընդդեմ հյուրանոցի կառուցման՝ նստացույցերի և ցույցերի միջոցով։

Լրահոս