Երուսաղեմի Հայոց պատրիարքության իրավունքների հարցը վերաբերում է համայն հայությանը․ Հայտարարություն

Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» անունով հայտնի հողամասի հարցը մտել է նոր փուլ, ինչը Երուսաղեմի Հայոց պատրիարքության բնորոշումով «ամենամեծ գոյաբանական սպառնալիքն» է պատրիարքության 16-դարյա պատմության մեջ, հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։ «Բռնի ուժ կիրառելու փորձեր են կատարում և սպառնալիքներ հնչեցնում ոչ միայն խաբեությամբ ստորագրված և խնդրահարույց պայմանագրի մյուս կողմը, այլ նաև՝ Երուսաղեմի ոստիկանությունը։ Երուսաղեմի հայ համայնքը և Հայոց պատրիարքությունը միասնաբար լծված են դիմադրության՝ ի պատասխան բռնությամբ հարցի լուծումը պարտադրելուն։ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարում է, որ իր ողջ կարողականությամբ և գործակցաբար Հայ դատի համաշխարհային ցանցի հետ, զորավիգ է կանգնում Երուսաղեմի հայ համայնքին և Հայոց պատրիարքությանը՝ պաշտպանելու իր հազարամյա իրավունքները։ Հարցի կարգավորումը պետք է կատարվի բացառաբար տեղական և միջազգային օրենքների հիման վրա՝ առանց ուժ կիրառելու կամ ուժ կիրառելու սպառնալիքի։ Երուսաղեմում հայկական իրավունքների հարցը վերաբերում է համայն հայությանը, հետևաբար՝ այդ իրավունքները ոտնահարելու որևէ փորձ ենթակա է համայն հայության համարժեք վերաբերմունքին»,- նշված է հայտարարությունում։

Լրահոս