Երկրի ապագան չեմ պատկերացնում. Մովսես Հակոբյան

Վաղը՝ հունվարի 28-ին լրանում է Հայոց Բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը։ Yerkir.am-ը թեմայի շուրջ զրուցել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ, ով նաև եղել է Արցախի պաշտպանության նախկին նախարարը։ Ինչպիսի՞ բանակ ունենք 32 տարի հետո․ հարցին ի պատասխան գեներալ-գնդապետն ասել է․ «Բանակ չունենք, նույնիսկ ինձ հետաքրքիր էլ չէ»։ -Ինչո՞ւ եք վատատես, ինչո՞ւ հետաքրքրված չեք, պարոն Հակոբյան։ -Իմ ստեղծած բանակն Արցախի Պաշտպանության բանակն էր։ -Իսկ հնարավո՞ր է ապագայում վերակազմավորել և ունենալ նույն բանակը։ -Ես երազանքներով չեմ ապրում։ -Ուստի՝ ինչպիսի՞ բանակով երկիր եք պատկերացնում հետագայում։ -Կցանկանամ ունենանք բանակ, որն իրականում կապահովի մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգությունը։ -Այս իշխանությունների դեպքում հնարավո՞ր է ունենալ նման բանակ։ -Կարծում եմ 5 տարին բավարար է՝ հետևություն կատարելու համար։ -Հնարավոր իշխանափոխությունից հետո 1 տարին բավարար կլինի՞ մեր պատկերացրած բանակն ունենալու համար։ -Դժվար հարց եք տալիս։ Նախ՝ պետք է ուսումնասիրենք, գնահատենք բանակի իրական վիճակը, ինչ նպատակներ են դրված բանակի առջև և ինչ ենք ուզում ստանալ, նոր հետո խոսենք ժամկետի մասին։ -Պարոն Հակոբյան,Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարել էր Արցախում ականապատ դաշտերի մասին տեղեկություններով 8 նոր ձևաթղթերի նույնականացման մասին, որոնք առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին։ Ադրբեջանը հեգնանքով ու բացասաբար է արձագանել այս առաջարկին, նույնիսկ Հայաստանին մեղադրել է ռազմական հանցագործության մեջ, այսօր ՀՀ ԱԱԾ-ն դարձյալ հայտարարել է, որ ՀՀ-ն պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ․ ասացեք խնդրեմ, թշնամուն շարունակ համոզելու, սիրաշահելու ՀՀ իշխանության այս վարքագիծը արդարացվա՞ծ է։ -Լավ է անում, եթե կարողանում է։ - Ադրբեջանի մասի՞ն է խոսքը, որ կարողանում է շարունակ հեգնանքով ու մեղադրանքներով պատասխանել հայկական կողմին։ -Այո՛։ -Ամեն դեպքում, այսօրվա որակներով բանակի պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում մեր երկրի ապագան։ -Չեմ պատկերացնում։ -Իսկ որևէ դրական խոսք չունե՞ք ասելու՝ նկատի առնելով Ձեր երկարամյա զինվորական ուղին և փորձը։ -Լավ եղեք, ձյուն է գալիս՝ ուրախացեք։

Լրահոս