Երկկողմ հարաբերություններում խնդրահարույց հարցերը Փաշինյանն ու Պուտինն անձամբ կքննարկեն. Պեսկով

Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները հնարավորություն կունենան քննարկելու երկկողմ հարաբերություններում ծագած հարցերն ու խնդիրները. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ելնում ենք նրանից, որ մեր երկկողմ հարաբերություններում վերջերս ի հայտ եկած բոլոր բարդ հարցերը կլուծվեն նման երկխոսության շրջանակներում, երկու երկրների ղեկավարները կգտնեն իրենց լուծումը», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Պեսկովի խոսքով՝ հույս կա, որ տեսանելի ապագայում պետությունների ղեկավարները հնարավորություն կունենան անձամբ քննարկելու նման հարցեր։ «Դուք գիտեք, որ Հայաստանը մեր մտերիմ գործընկերն է, այն մեր դաշնակիցն է, մի երկիր, որի հետ մեզ միավորում են բազմաթիվ ինտեգրացիոն ֆորմատներ, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ԵվրԱզԷՍ-ը և այլն։ Եվ, իհարկե, պատմականորեն երկկողմ հարաբերություններ, հումանիտար հարաբերություններ, որոնց կարևորությունը դժվար է գերագնահատել»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ Բացի այդ, նա հավելել է, որ իհարկե, երկխոսություն կա աշխատանքային մակարդակով, ինչը նույնպես շատ կարևոր է։

Լրահոս