Երեք օր ջուր չունենալը կանոնների խախտում է, և ընկերությունը պետք է տուգանվի

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ջրի և հոսանքի պարբերաբար անջատումներին։ Նա նշեց, որ այդ ամենը կանոնակարգված է։ «Ջրի, հոսանքի և գազի առանց զգուշացման անջատում պետք է լինի միայն այն դեպքում, եթե վթարային խնդիր է։ Այսինքն՝ ի սկզբանե հնարավոր չէր զգուշացնել, ինչպես պլանային անջատումների ժամանակ են զգուշացնում»,-ասաց նա։ Հարցին՝ վերջին անգամ ե՞րբ են այդ ընկերությունները տուգանվել՝ Բաղրամյանը պատասխանեց, որ տուգանքները վճարում են սպառողներին և դա լինում է պարբերաբար.«Մեր վարույթների արդյունքում տուգանվում են միայն այն դեպքում, երբ մեր մոնիթորինգի արդյունքում տեսնում ենք, որ որևէ ընկերություն խախտել է ժամանակացույցը։ Օրինակ՝ քաղաքային պայմաններում էլեկտրաէներգիայի անջատումը պետք է 4 ժամից ավելի չլինի, իսկ եթե լինում է, ապա տուգանվում է և տուգանքը ստանում է սպառողը։ Մեզ մոտ բոլոր ահազանգերն ուսումնասիրվում են։ Ջրի ամենաերկարատև անջատումը եղել է Արզնու ջրատարի վթարի հետևանքով»։ Նա, սակայն, ավելացրեց, որ երեք օր ջուր չունենալը կանոնների խախտում է, և ընկերությունը պետք է տուգանվի։

Լրահոս