Դառնացած եմ խաչքարի մասին վարչապետի հուզախառն դատողություններից. Համլետ Պետրոսյան

Դառնացած եմ խաչքարի մասին վարչապետի հուզախառն դատողություններից. ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացրած արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ խաչքարերի մասին հնչեցրած կարծիքին։ «Նախ՝ խաչքարներ չեն, այլ խաչքարեր: Խաչքարերը իշխանության, քաղաքական կուսակցությունների, ընդդիմության, նույնիսկ Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությունը չեն: Խաչաքարային մշակույթի նոր ալիքը՝ սկսած անցած դարի 60-ական թվականներից՝ ծագել, զարգացել և մնում է զուտ ժողովրդական նախաձեռնություն: Իհարկե, կարելի է քննել, խոսել դրա լավ ու վատ դրսևորումների մասին: Բայց այն միանշանակ հանրույթի մի զգալի մասի դարերով փորձված արձագանքն է իրավիճակին, նրա հույսի դրսևորումն է, երբ իրականությունն ու քաղաքականությունը որևէ հույս չեն տալիս: Նախ այս մասին պիտի մտածել, բարձրաձայնել, հասկանալ: Խաչքարերը միջոց են, արդյունք և ոչ պատճառ»,- գրել է նա: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպմանն ասել էր. «Ուր գնում ենք, ասում ենք՝ եկեք խաչքար դնենք, խաչքար դնենք, էլի խաչքար դնենք, խաչքար։ Ինչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք՝ 1, 2, 10, 50, 100: Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք երեխեք, սա ձեր առաքելությունն է: Մեծ խաչքարեր կապենք երեխաների ոտքից, ասենք դե քարշ տվեք, որովհետև Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք: Էլի Վարդան Մամիկոնյանի... Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք, հա՞։ Ոչ, զոհվել են, որ ապրեն, որ ազատ ապրեն, կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանալն ամոթ չլինի: Այս փոփոխությունն է այսօր տեղի ունենում Հայաստանում»։

Լրահոս