ԳՇ պետի անադեկվատ պահվածքը նորանոր հարցեր է առաջացնում. Տիգրան Աբրահամյան

Երբ Գլխավոր շտաբի պետը նկատողություն է անում լրագրողներին` բանակին կամ դրա ենթակառուցվածքներին ու գործառույթներին առնչվող տերմինաբանությանը չտիրապետելու կամ ճիշտ չօգտագործելու վերաբերյալ, ապա պետք է պարզաբանի, թե այդ դեպքում ինչո՞ւ է ինքը խախտում իր իսկ դրած «նշաձողը», այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Մասնավորապես, Ջերմուկից ադրբեջանական զորքերի հետքաշման վերաբերյալ լրագրողի հարցադրմանն ի պատասխան, ԳՇ պետն ասում է` «դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք, միասին կգնանք»: Եթե Սահմանադրությամբ թիվ մեկ զինվորականն է իշխանական ստատուսչիի ոճով պահանջում, որ հող չհանձնելու պահանջ ներկայացնողները գնան սահման, դա արդեն նորություն է, բայց եթե Ասրյանը չի հիշում, ապա նաև հիշեցնեմ, որ ՀՀ քաղաքացիները վարժական հավաքից մինչև պատերազմական գործողությունների մասնակցում են օրենքով նախատեսված ձևով: Ես հասկանում եմ, որ կանոնավոր բանակը կամավորական ջոկատների վերածողներին առհասարակ հետաքրքիր չէ, թե քաղաքական իշխանությունը Հայաստանի սահմանն ինչպես է խմբագրում կամ բավարարում ադրբեջանական պահանջները, բայց ԳՇ պետի անադեկվատ պահվածքը նորանոր հարցեր է առաջացնում: Լրագրողի պնդմանը, որ դուք եք նախկինում ասել, որ մի շարք գործոններով պայմանավորված, այդ զորքերը ստիպված են լինելու դուրս գալ` շրջափակված լինելու, սնուցման հնարավորություն չունենալու և այլն, ԳՇ պետն ասում է` «լսի, տես քեզ ինչ եմ ասում, ինձ մի պարտադրի, թե ես ինչ պատասխաններ պետք է տամ ու դուք մի հրահրեք ինձ»: Սա, մոտավորապես, նշանակում է` դե բան է, ասել եմ` ինչ մի թռել ես դեմքիս: ԳՇ պետը պետք է վաղուց հասկացած լիներ, որ առաջին հերթին որպես ուսադիր կրող ու կոնկրետ իրավասություններ ունեցող անձ, պատասխանատվություն է կրում իր ասածի և արածի համար, իսկ եթե դրանք զուտ օդում արձակած «խոլոստոյ» կրակոցներ էին, ապա պետք է պատրաստ լինի, որ լրագրողներից ու, առհասարակ, հասարակությունից դրան համարժեք գնահատականի, որակման և վերաբերմունքի կարժանանա»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։

Լրահոս