Գյումրիում շունը հարձակվել է 74 տարեկան կնոջ վրա․ վերջինս հիվանդանոցում է

Գյումրիում շունը հարձակվել է 74-ամյա Ցողիկ Գրիգորյանի վրա։ Կինը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին՝ Գյումրու Անի թաղամասում, Պ.Սեւակի փողոցում գտնվող ոստիկանության շենքի հարեւանությամբ։ Ներկայացնելով տարեց կնոջ վիճակը՝ նրա թոռնուհին՝ Ասպրամ Գրիգորյանը տեղեկացրել է, որ կինն ունի ակնափոսի կոտրվածք ու խորը բաց վերքեր։ Կինը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ «Բժիշկների հսկողության տակ է հիմա, վիճակը դեռ պարզ չէ՝ կոտրված է ակնափոսը․ եթե թարախակալվի, այսօր կամ վաղը վիրահատելու են, իսկ դա կնշանակի ոսկորի հեռացում։ Ճիշտ է, գիտակցություն ունի, բայց ցավերը շատ են, այլ վնասվածքներ ևս ունի»,- պատմել է կնոջ թոռնուհին՝ տեղեկացնելով, որ մի քանի ամիս առաջ էլ նույն թաղամասում շները իր տատիկի ոտքն էին վնասել։ «Ուզում եմ այնպես անել, որ, ի վերջո, քաղաքապետարանը իմանա՝ ինչ է կատարվում ու սկսի զբաղվել այս հարցով»,-հավելել է Ասպրամ Գրիգորյանը:

Լրահոս