Գիշերն անհայտ անձը փորձել է ներխուժել Աբովյանի համայնքապետի առանձնատուն

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ գիշերը անհայտ անձը, ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ, մահակը ձեռքին փորձել է ներխուժել Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի առանձնատուն։ Տանը եղել են Բաբայանի մայրը, կինն ու դուստրերը։ Աբովյանի համայնքապետի պաշտպան Էմին Խաչատրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ Բաբայանի համար անծանոթ անձը մուտք է գործել առանձնատան բակ, ապա խուլիգանական գործողություններ կատարելով փորձել է ներխուժել տուն։ «Էդուարդ Բաբայանը ձայների հետքերով դուրս է եկել առանձնատնից, դռան առջեւ հանդիպելով իր համար անհայտ անձնավորությանը՝ կանխել է վերջինիս խուլիգանական գործողություններն ու ապօրինի մուտքն իր առանձնատուն։ Ի դեպ այդ անձը կարողացել է անցնել մինչեւ առանձնատան երկու պարիսպները»,-պատմել է Խաչատրյանը։ Փաստաբանին դեռ հայտնի չէ, թե ինչ մղումներով է փորձել այդ անձը ներխուժել Աբովյանի համայնքապետի տուն։ Խաչատրյանի խոսքով՝ Բաբայանի առանձնատուն ներխուժելու փորձ կատարած անձի ոչ ադեկվատ պահվածքը, խուլիգանական գործողությունները եւ բնակարանի անձեռնմխելիության խաթարման փորձը կասկածի տեղիք են տալիս առ այն, որ վերջինս եղել է թմրանյութի ազդեցության տակ։ «Նրա մղումների վերաբերյալ այս պահին որեւէ դատողություն անել չեմ կարող, միայն կասեմ, որ փորձել է ներխուժել տուն՝ ոչ բարի նպատակներով։ Պարզ չէ, թե դրանից հետո ինչ գործողություններ կաներ այդ անձը, եթե Բաբայանը չկանխեր վերջինիս մուտքն իր առանձնատուն եւ չպաշտպաներ իր ընտանիքին»,-ասել է փաստաբանը՝ նշելով, որ Բաբայանի առանձնատան բակում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են գիշերը անհայտ անձի կողմից իրականացված խուլիգանական գործողությունները։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս