Գերիների թեման դրոշակ սարքելն իշխանությանը միայն նախընտրական ժամանակահատվածում էր անհրաժեշտ. Տիգրան Աբրահամյան

Հայաստանյան իշխանությունների հռչակած տարատեսակ չակերտավոր խաղաղության  բանաձևերն ակնհայտորեն շրջանցել են Բաքվի բանտերում գտնվող շուրջ 6 տասնյակ  գերիներին, այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Ըստ նրա` մեկի համար խաղաղությունը նախընտրական խոստում էր, որը մյուս ծրագրային դրույթների նման կյանքի չկոչվեց, մեկի՝ իսկ ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի համար, տարածքային ախորժակը բավարարելու միջոց: «Հասարակությունը չի մոռացել, թե նախընտրական փուլում չագուչով շրջող  Փաշինյանը ինչպես էր գոռում, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները  1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար կներեն մեզ, բայց չեն ների, եթե  մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր անկախությունն ու  ինքնիշխանությունը: Հիմա, ինչպես պետք է իր ծանր կյանքը քարշ տա ադրբեջանական բանտում գտնվող մեր հայրենակիցը, եթե 1-2 ամսվա փոխարեն 2-2.5 տարի է անցել` ինքը բանտում է, իսկ իր ազատությունն ու անկախությունը զիջված են: Այդ մարդկանց զորակոչելուց, պատերազմի տանելուց գոռում էին՝ հանուն հայրենիքի է, իսկ նույն այդ հայրենիքը զոհաբերեցին, դրա համար պայքարողներին էլ բախտի քմահաճույքին թողեցին»,- նշեց նա: Աբրահամյանն ընդգծեց` պաշտոնական Բաքուն նույն կերպ փորձում է շահարկել Արցախի գործող և նախկին  ռազմաքաղաքական ղեկավարության գերության հանգամանքը, ովքեր ակնհայտ քաղաքական հետապնդման են ենթարկվում: Սրանով, ըստ նրա, Ադրբեջանը փորձում է թաղել Արցախի հաղթանակների, պետականության և պայքարի  փուլը ու փակել այդպես էլ չփակվող և Ադրբեջանի կոկորդին մնացած  Արցախի էջը: «Սինքրոն՝ նույն գործով և գրեթե նույնանման գործիքակազմի կիրառմամբ զբաղված  է Հայաստանի իշխանությունը, ում համար Արցախի հարցն արդեն փակված է, կնիքը դրված է և սև գործն արված: Նստելու ենթակա յուրաքանչյուր անձի դեպքում կա քաղաքական հաշվարկ և ուղերձ՝ Արմեն Աշոտյանից, Գրիգորի Խաչատուրովից, Նարեկ Մալյանից, Մամիկոն  Ասլանյանից մինչև մարդիկ, ում անունները հասարակության ճնշող մեծամասնությունը չգիտի. նրանք բոլորը քաղաքական իշխանությունների թիրախում  են: Գերիների թեման դրոշակ սարքելն իշխանությանը միայն նախընտրական ժամանակահատվածում էր անհրաժեշտ, իսկ հիմա դա իրենց օրակարգում չէ: Տիկնայք և պարոնայք, սա է դաժան իրականությունը»,- հավելեց Աբրահամյանը:

Լրահոս