Գերեզմանը թալանել են. գողացել են ծաղիկներն ու ծաղկեպսակները. «Հետք»

Հետքը գրում է՝ օրեր առաջ մահացած Աշոտ Մխիթարյանի հարազատները թաղման հաջորդ օրը նրա գերեզմանը հայտնաբերել են թալանված․ գողացել են 29 ծաղկեպսակներն ու մի քանի տասնյակ ծաղկեփնջերը: Հուղարկավորությունը եղել է Շենգավիթի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանատանը: Ա. Մխիթարյանի քույրը՝ Դուստրիկ Մխիթարյանը, «Հետքին» ասաց, որ կրկնակի ցավ են ապրել, երբ այցելել են եղբոր գերեզմանին և տեսել այն թալանված: Տարածքում միայն մնացել էին ծաղիկների տերևներն ու դրանց կոտրված մասերը: Դուստրիկ Մխիթարյանն ասաց՝ ամենայն հավանականությամբ, ծաղկեպսակներն ու ծաղիկները գողացել են դեկտեմբերի 9-ի գիշերը, քանի որ թաղումը եղել է դեկտեմբերի 8-ին: Իսկ թաղման հաջորդ օրը հողաթումբն ամբողջությամբ դատարկ էր: Պարզվում է՝ առաջին դեպքը չէ, երբ Երևանում հարազատները գերեզմանները հայտնաբերում են թալանված: «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանատանն աշխատողները Ա. Մխիթարյանի հարազատներին պատմել են, որ նմանատիպ դեպքեր էլի են լսել: Նույնիսկ զինվորականների գերեզմանների ծաղիկներն են գողացել:

Լրահոս