Գեղարքունիքի Վերին Գետաշեն եւ Ջիլ բնակավայրերում ճանապարհներ կնորոգվեն
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց 12,8 մլն դրամ հատկացնել Վերին Գետաշեն բնակավայրում 2,6 կմ երկարությամբ հատվածի ասֆալտբետոնյա ծածկի ապահովման և Ջիլ բնակավայրի մարզային նշանակության ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող համայնքային նշանակության ճանապարհահատվածի հիմնանորոգման նպատակով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրում ընթացքի մեջ է նոր դպրոցի շենքի կառուցման աշխատանքները, որը նախատեսվում է ավարտել մինչև 2024-ի դեկտեմբերը։ Խիստ անհրաժեշտություն է առաջացել հիմնանորոգելու նորակառույց դպրոց տանող համայնքային նշանակության ճանապարհահատվածը։
Տ-4-63, /Հ-7/-Ջիլ մարզային նշանակության ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների արժեքը համաձայն հաշվարկների կկազմի շուրջ 300 մլն դրամ, իսկ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գինը՝ 6 մլն դրամ է սահմանվել։
Բացի այդ, Վերին Գետաշեն բնակավայրում 2,6 կմ երկարությամբ հատվածի ասֆալտբետոնյա ծածկը ամբողջությամբ քայքայվել է, փոսայնությունը կազմում է շուրջ 23 տոկոս։
Նկատի ունենալով, որ վերը նշված ճանապարհը գտնվում է ինտենսիվ երթևեկության տակ, համարվում է Վերին Գետաշեն բնակավայրի գլխավոր ճանապարհը, ինչպես նաև սպասարկում է Մադինա բնակավայրին, ուստի անհրաժեշտ է ապահովել ճանապարհի անցանելիությունը։