Գալուստ Սահակյանը ամենադիպուկ, ամենահամառոտ խորհուրդներ տալու ունակություններ ուներ. Հայկ Մամիջանյան

Գալուստ Սահակյանը երեւի եզակի համադրություն ուներ Հայաստանի ներքաղաքական կյանքում. մարդու, ում մեջ միավորվում էին եւ ամենանվիրական, ազնիվ մարդկային հատկանիշները, միևնույն ժամանակ պետականամետ մտածողությունն ու  հայրենասիրությունը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Գալուստ Սահակյանի հոգեհանգստի արարողության ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը: «Գալուստ Գրիգորիչն իրական հանրապետական էր։ Վստահ եմ, որ պարոն Սահակյանին այս մեկ ընդգրկուն բառով նկարագրությունը դուր կգար։ Ամենադիպուկ, ամենահամառոտ խորհուրդներ տալու ունակություններ ուներ Գալուստ Գրիգորիչը։ Այդ խորհուրդներն ինձ պետք են գալու և ուղեղումս միշտ հնչելու են Գալուստ Գրիգորիչի հանգիստ ու խաղաղ ձայնով։ Մենք կորցրել ենք մեծ պետական գործչի և հայրենասերի։ Ես շատ կուզեի, որ ինքն այլ իրավիճակում տեսներ Հայաստանն ու Արցախը։ Նա հատուկություն ուներ միշտ լավը տեսնելու»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրում՝ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:30-13:00-ը, իսկ հուղարկավորությունը՝ նույն օրը՝ Երևանի Սպանդարյան գերեզմանատանը: Գալուստ Սահակյանը եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, 2014-2017 թվականներին եղել է ՀՀ ԱԺ նախագահը։

Լրահոս