
Բիձինա Իվանիշվիլու կարգավիճակն այսօր շատ անորոշ է. Վրաստանի նախագահ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր առաջին անգամ հրապարակային հայտարարությամբ հնարավոր է համարել, որ միլիարդատեր եւ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կարող է մինչեւ հիմա ազդեցություն ունենալ երկրում տիրող իրավիճակի վրա՝ չնայած քաղաքականությունից պաշտոնապես հեռանալուն, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։
Ավելի վաղ Զուրաբիշվիլին խուսափում էր այդ հարցին պատասխանելուց։
«Իվանիշվիլու կարգավիճակն այսօր շատ անորոշ է այն բանից հետո, երբ նա պաշտոնապես լքել է կառավարությունը։ Հարցը, թե որտեղ են կայացվում հիմնական որոշումները, դրսից է հնչում։ Եվ ես կարծում եմ, որ այդ զգացողությունը կամ հարցը կա նաեւ հասարակության ներսում»,-ասել է նա «Փիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ երբ նման հարցեր են առաջանում, դա ինքնին վատ է քաղաքական համակարգի համար, քանի որ բնակչությունը պետք է իմանա, թե որտեղ է գտնվում պատասխանատվության կենտրոնը, ով է վաղը պատասխան տալու կայացվող որոշումների եւ հռետորաբանության համար։
Զուրաբիշվիլին ասել է, որ փորձել է հանդիպել Իվանիշվիլու հետ եւ ցանկանում է, որ այդ հանդիպումը կայանա, որպեսզի «ավելի հստակություն մտցնի վրացական քաղաքականության մեջ»։ «Կան բազմաթիվ հաղորդագրություններ արտերկրից, որոնք Իվանիշվիլին պետք է հասկանա եւ լսի, եթե նա է գլխավորը...»,-հավելել է նախագահը:
Հաղորդավարի այն հարցին, թե Բիձինա Իվանիշվիլին օլիգարխ է, նախագահը պատասխանել է բառացի․ «Գուցե, այո․․․այն իմաստով, որ նա ունի փող, լրատվամիջոցների վրա ազդեցություն եւ ազդեցություն քաղաքականության վրա։ Բայց օլիգարխիայի խնդիրն ավելին է, քան Իվանիշվիլին։ Եվ Իվանիշվիլու խնդիրն ավելի մեծ է, քան օլիգարխիան։ Մենք պետք է հասկանանք եւ իմանանք, թե որտեղ են կայացվում կարեւոր որոշումները, ինչպես կարող են փոփոխվել այդ որոշումները կամ ինչպես կարող են ազդել դրանց վրա»։