Բերման է ենթարկվել Սայաթ-Նովա բնակավայրի վարչական ղեկավարը

Հունվարի 14-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ` ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները ծառայության ընթացքում Մասիս քաղաքի Հ. Վարդանյան փողոցում կանգնեցրել են Kia մակնիշի ավտոմեքենա: Վարորդը չի ենթարկվել պարեկների «կա՛նգ» հրահանգին, և այն վարել է դեպի Մասիս քաղաքի 8-րդ փողոցի վերջնամաս: Արդեն այնտեղ պարեկները մոտենում են ավտոմեքենային և վարորդը կանգնում է: Տեղում պարզվում է նրա ինքնությունը՝ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի բնակիչ 35-ամյա Լևոն Սերոբյան: Պարեկները նրան հորդորում են, որպեսզի սթափության զննություն անցնի, սակայն հրաժարվում է սթափության աստիճանի զննությունից, և սկսում է հակաիրավական վարքագիծ ցուցաբերել՝ հնչեցնելով հայհոյանքներ, բղավելով պարեկների վրա: Պարեկները նրան հորդորում են, որպեսզի դադարեցնի հակաօրինական գործողությունները, և ենթարկվի իրենց օրինական պահանջին, սակայն նա շարունակում է չենթարկվել ու հնչեցնել հայհոյանքներ, որից հետո պարեկները նրան խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին: Սերոբյանը Մասիս խոշորացված համայնքի Սայաթ-Նովա բնակավայրի վարչական ղեկավարն է:

Լրահոս