Բարձրաստիճան պաշտոնատար անձինք դպրոցի շենք են օտարել եւ ապօրինի զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել առերևույթ հանցագործության այլ դեպքի մասին ևս: Մասնավորապես՝ վարույթի նախաքննության ընթացքում, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2011-2018թթ․ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնն զբաղեցրած Արման Սահակյանը, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի հետ միասին, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, իրենց հետ փոխկապակցված անձանց, մասնավորապես՝ Արման Սահակյանի օգնականի, Արմեն Աշոտյանի վարորդի կնոջ և Կարեն Ավագյանի կնոջ անվամբ հիմնված «Քիդս Քեը» ՍՊ ընկերության միջոցով, 2015թ. ապրիլին կնքված պետական գույքի օտարման և գրավի պայմանագրով, 163.115.680 ՀՀ դրամ արժեքով, ձեռք են բերել պետական գույք հանդիսացող՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող՝ 1063.25 քմ մակերեսով 2 առանձին մասնաշենքերից և պարսպից բաղկացած անշարժ գույքը/դպրոցը/՝ 36 ամսում տարաժամկետ վճարելու պայմանով, և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0.303439 հա հողատարածքը՝ 32.498.320 ՀՀ դրամով: Այնուհետև Արման Սահակյանը և նրա օգնականը, առանց որևէ հիմնավորման, վերը նշված գույքի նկատմամբ որևէ սահմանափակում չգրանցվելու և մինչև գույքի արժեքը վճարելը առանց խոչընդոտի գույքի իրացումը ապահովելու նպատակով, 2015թ. մայիսին կնքված համաձայնագրով փոփոխություններ են կատարել սկզբնական կնքված առուվաճառքի պայմանագրում՝ հանելով գույքը գրավադրված լինելու մասը, ինչի հիման վրա տրվել է անշարժ գույքի սեփականության վկայական: Այնուհետև նրանք դիմել են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ միասնական տեղեկանք ստանալու և համապատասխան գործարք կատարելու համար։ Սակայն տրված տեղեկանքում նշվել է տարաժամկետ վճարելու պայմանը, որի պատճառով, իրենց կամքից անկախ հանգամանքներում, չեն կարողացել ավարտին հասցնել գործարքը: Այնուհետև՝ Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, վերոհիշյալ անձինք, «Քիդս Քեը» ՍՊ ընկերության անվամբ գրանցված վերը նշված անշարժ գույքը, որն իր մեջ ներառում է դպրոցի երկու մասնաշենքերը, պարիսպը և դրա սպասարկման համար նախատեսված հողատարածքը, 2019թ. մայիսին կնքված առուվաճառքի պայմանագրով՝ 240.000.000 ՀՀ դրամով, վաճառել են իրենց հետ փոխկապակցված ՀՀ տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Հրանտ Բեգլարյանին պատկանող ՍՊ ընկերությանը: Նկատի ունենալով, որ ձեռք են բերվել առերևույթ հանցավոր դրսևորումների վերաբերյալ նախնական տվյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) և 442-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) նախաձեռնվել է նոր քրեական վարույթ: Վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն' քննչական ենթակայությունը որոշելու նպատակով։

Լրահոս