«Բանտարկություններով չեք վախեցնի նրանց, ովքեր դեմ են հայրենիքը հանձնելուն»

Երևանում ակցիա էր՝ հաջակցություն քաղաքական հայացքների համար բանտերում գտնվող հասարակական-քաղաքական գործիչների։ Քաղաքական հետապնդումները դատապարտող ակցիայի մասնակիցները վանկարկում էին քաղբանտարկյալների անունները՝ Արմեն Աշոտյան, Մամիկոն Ասլանյան, Նարեկ Մալյան, Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան, այլք, որոնք անազատության մեջ են, քանի որ դեմ են արտահայտվել գործող իշխանության վարած պարտվողական քաղաքականությանը։ «Նրանք դատապարտվել են՝ ազատ խոսք ասելու համար։ Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»,- պահանջում են ակցիայի մասնակիցները։ «Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, քանի Նիկոլ Փաշինյանի համար կա սեփական օրակարգ, և ով ներգրավված չէ դրա մեջ, Նիկոլ Փաշինյանի համար հանդիսանում է թշնամի։ Նիկոլ Փաշինյանի համար թշնամի են այն մարդիկ, ովքեր ասում են ճշմարտությունը, ովքեր դեմ են հայրենիքը հանձնելուն։ Բազմաթիվ հասարակական, քաղաքական, հանրային գործիչներ այսօր անազատության մեջ են, քանի որ սիրում են իրենց հայրենիքը»,- ասում են նրանք։ Ակցիայի մասնակիցներն ընդգծում են նաև՝ քաղաքական ճնշումներով հայրենիքի համար պայքարող տեսակին լռեցնել չի լինի։ «Բանտարկություններով չեք վախեցնի ու չեք ընկճի այն մարդկանց, ովքեր ձերբակալվել ու կալանավորվել են Նիկոլ Փաշինյանի քայլերը, ոչ հայանպաստ որոշումները չընդունելու համար։ Մեզ ևս չեք վախեցնի։ Մենք այստեղ ենք՝ ասելու, որ չենք հանձնվելու, չենք լռելու, և դեմ ենք այս իշխանությունների պարտվողական քաղաքականությանը»,- հայտարարեցին ակցիայի մասնակիցները։

Լրահոս