Արցախցիների 30-40 տոկոսը պատրաստվում է լքել Հայաստանը․ Մետաքսե Հակոբյան

Բռնի տեղահանված արցախցիների 30-40 տոկոսը, ոչ պաշտոնական տվյալներով, պատրաստվում են դպրոցական արձակուրդները սկսվելուն պես լքել Հայաստանի Հանրապետությունը, «Սպուտնիկ Արմենիա»-ի  հետ զրույցում ասել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր, «Արդարություն ու վերադարձ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Մետաքսե Հակոբյանը։ Արցախի ԱԺ պատգամավորի խոսքով` արցախցիների տրամադրությունները Հայաստանում տարբեր են` կան ընկճված, հուսալքված մարդիկ, որոնք դեռևս չեն համակերպվում իրավիճակի հետ, սակայն նաև չեն ցանկանում լքել Հայաստանը` հույս ունենալով ինչ-ինչ քայլերի արդյունքում վերադառնալ Արցախ։ «Շատերն էլ լքում են Հայաստանը` պատճառաբանելով, որ չեն տեսնում գործող իշխանությունների օրոք ո՛չ հույս, ո՛չ հնարավորություն Արցախ վերադառնալու։ Իրենք կգնան, հետո, հնարավորության դեպքում, արտերկրից կվերադառնան Արցախ։ Գնալ ցանկացողների թիվը գնալով մեծանում է։ Կան մարդիկ, որոնք դիտարկում են, որ դրսից ավելի լավ կկարողանան գործունեություն ծավալել Արցախ վերադառնալու համար»,-ասել է Մետաքսե Հակոբյանը։ Արցախի ԱԺ պատգամավորը նշել է նաև՝ ՀՀ իշխանությունները չեն էլ քննարկում Արցախ վերադառնալու որևէ տարբերակ, հակառակը` խոսում են ինտեգրման, ընդհանրապես Արցախի հարցի փակման մասին։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս