Արտակարգ դեպք՝ Երևանում․ ռուս կինը կոտրել է հյուրանոցի գույքը, հարվածել բժիշկներին, փախել շտապօգնության մեքենայից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 5-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սայաթ Նովա պողոտա 19 հասցեում գործող «Անի Պլազա» հյուրանոցում ինչ-որ բանի ազդեցության տակ գտնվող աղջիկը ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ, պարզել են, որ նշված քաղաքացին կոտրել է հյուրանոցի գույքը, հահոյանքներ հնչեցրել, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, որից հետո մտել է Խանջյան փողոցի 43 հասցե ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաների քննչական առաջին բաժնի շենք, ցատկել արգելապատնեշի վրայով, ընկել գետնին:
Նշված քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու համար ոստիկանության ծառայողները կանչել են շտապօգնության կարգախումբ:
Ժամանած շտապօգնության խումբը նշված քաղաքացուն զննելուց հետո, «Էկզոգեն թունավորում» նախնական ախտորոշմամբ անհրաժեշտություն է համարել տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Շտապօգնության ավտոմեքենայի շարժվելուց հետո Սայաթ-Նովա պողոտայում վերջինս բացել է շտապօգնության ավտոմեքենայի դուռը, փախել է մեքենայից և վազել դեպի «Գոլդ» հոթել:
Կարճ ժամանակ անց՝ ժամը 05։35-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ազգությամբ ռուս մի կին մտել է նշված հյուրանոց, բարձր բղավել և տարօրինակ վարքագիծ դրսևորել և հեռացել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։