Արյունալի հարձակումն Ադրբեջանի համար նաև թեստի նշանակություն ուներ՝ հասկանալու՝ այս փուլում, երբ ՀՀ իշխանությունը մեծ-մեծ խոսելու չեմպիոնական մրցավազքի է ելել, ինչպե՞ս կվարվի

Եթե Ադրբեջանն իր հայտարարած վիրավոր ադրբեջանցու դիմաց 4 հայ զինծառայողի կյանք է խլում և մարսում է, ապա հաջորդիվ էլ նոր պատրվակ է գտնելու և ոչ միայն նոր զոհեր պատճառելու, այլև առաջնագծի որևէ ուղղությամբ առաջխաղացում ապահովելու, նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Հիշո՞ւմ եք, թե ինչ էր ասում Ալիևը Ջերմուկի և մյուս բնակավայրերի մասով: Ասում էր` ՀՀ տարածք ենք ներխուժել, որ ավելի հստակ հասկանանք, թե հայերը ռևանշի՞ են դիմում, թե՞ ոչ: Այս տրամաբանության և ՀՀ իշխանության լուռ կամ քողարկված համաձայնությամբ ադրբեջանցիները հետո էլ կհարվածեն ու կամրանան այն հատվածներում, որտեղ իրենց տրամաբանությամբ ճանապարհ կամ միջանց պետք է անցնի: Կասեն` մեր խաղաղ բնակիչների անվտանգ անցումն ենք ապահովում: Ի դեպ, ադրբեջանական այս արյունալի հարձակումը վերջիններիս համար նաև թեստի նշանակություն ուներ` հասկանալու, թե այս փուլում, երբ ՀՀ իշխանությունը մեծ-մեծ խոսելու չեմպիոնական մրցավազքի է հելել, ինչպե՞ս կվարվի։ Սրանք, իհարկե, մեծ-մեծ խոսում են միայն երկրի ներսում` ուժայինների հետևում թաքնվելով և մարդկանց նստացնելով: Ստեղծված իրադրությունից է նաև կախված, թե Ադրբեջանն իր սցենարային զարգացման համար հետագայում ինչ մարտավարություն կընտրի: Հ․Գ. Երեկ նկատեցի, որ անուղղակի ձևով, որոշները գրում էին, որ եթե ՀՀ-ն պատասխանի ադրբեջանցիներին, ապա կարող է սադրանքի ծավալն ընդլայնվել` ակնարկելով, որ ոչինչ չպետք է անել: Միգուցե ընդլայնվեր, կրակն ինտենսիվանար, բայց ոչինչ չանելու դեպքում այսպիսի ողբերգությունները ոչ միայն կշարունակվեն, այլև ադրբեջանական ագրեսիայի լայն ճանապարհ կբացեն»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը

Լրահոս