Արմեն Աշոտյանին քաղաքական ակտիվությունից զրկելու որոշումն ընդունվել է իշխանության ամենավերևի օղակում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այցելել է տնային կալանքի մեջ գտնվող Արմեն Աշոտյանին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Եթե տպավորությունս կարճ փոխանցեմ, ապա քաղաքական գործունեության տեսանկյունից, տնային կալանքի ռեժիմը բավականին ծանր պայմաններով է սահմանված: Նախ, Արմենը զրկված է հեռախոսազրույցների հնարավորությունից այն դեպքում, երբ նույնիսկ քրեակատարողական հիմնարկում, ամենօրյա ռեժիմով` բացի շաբաթ-կիրակի օրերից, օգտվելու հնարավորություն ուներ: Ավելին, ՔԿՀ-ից նույնիսկ սքայփով տեսազանգեր անելու իրավունք ուներ: Առ այս պահը դատարանի որոշումը չկա և դեռ պարզ չի, թե արդյո՞ք Արմենը կարող է հոդվածներ գրել, քաղաքացիների հետ հարցուպատասխանի ֆորմատ ունենալ և այլն: Այս իրավունքները բանտային փուլում Արմենին տրված էր, սակայն այս պահի դրությամբ, այդ հարցը շարունակում է «օդում կախված» մնալ: Արմենի` նաև քաղաքական իրավունքների խիստ սահմանափակումն անշուշտ կապված է վերջինիս քաղաքական ակտիվ գործունեության հետ: Արմենին քաղաքական ակտիվությունից զրկելու որոշումը, բնականաբար, ընդունվել է իշխանության ամենավերևի օղակում և նպատակ ունի չեզոքացնելու հիմնական ընդդիմադիր ուժերից մեկի` ՀՀԿ-ի փոխնախագահին, ով ոչ միայն կուսակցական առաջին էշելոնի դեմքերից է, այլև, առհասարակ, դաշտի ակտիվ ու ազդեցիկ դերակատարներից: Միակ լավ հանգամանքն այն է, որ Արմեն Աշոտյանի կենցաղն ու կեցության պայմաններն է փոխվել, վերջինս իր ընտանիքի հետ է, սակայն, քաղաքական տեսանկյունից, կրկնում եմ` նրա սահմանափակումներն առավել սուր բնույթ են ստացել: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին», - գրել է նա:

Լրահոս