Արարատում ու Գեղարքունիքում որսագողություն է կատարվել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել․
«Ապօրինի որսի և ձկնորսության դեմ հետևողական պայքարի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 11-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ուժեղացված վերահսկողության ընթացքում արձանագրել են որսագողության դեպքեր։
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում քաղաքացի Հ.Հ.-ն, տեղադրելով արգելված որսագործիք հանդիսացող էլեկտրոնային ձայնարձակիչ սարք, ապօրինի որսացել է «լոր» տեսակի թռչուն։ Նոր ուղու բնակիչ Հ.Հ.-ին սեփականության իրավունքով պատկանող «ՏՕԶ-63» տեսակի երկփողանի որսորդական հրացանը, 29 հատ փամփուշտն ու էլեկտրոնային ձայնարձակիչն առգրավվել են։
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ Ս․Հ․-ն հարակից Արգիճի գետից ձեռքի ուռկանով ապօրինի որսացել է «կողակ» և «բեղլու» տեսակի ձկներ։
Դեպքերի առթիվ հարուցվել են վարչական վարույթներ, կիրառվել պատասխանատվության միջոցներ»։