Արարատյան փողոցում «Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08։15-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Արարատյան փողոցում՝ «Դոբրոցեն» առևտրի կենտրոնի մոտ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատարին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Պարզվել է նաև, որ կայանված բեռնատարը բեռնված է եղել ցեմենտով։
Մինչ դեպքի վարում աշխատում էին պարեկներն ու փրկարարները, Երևանի 1-03 շտապ օգնությունից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վիրավորը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի և կայանված բեռնատարի սեփականատիրոջ ինքնությունը։