Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու մասին: Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝ 1) առողջապահության նախարար. 2) արդարադատության նախարար. 3) գյուղատնտեսության նախարար. 4) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար. 5) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար. 6) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար. 7) քաղաքաշինության նախարար. 8) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար: Նշենք, որ Արթուր Հարությունյանը ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբոր որդին է։ Խորհրդարանում 33 պատգամավորներից 16-ը Արայիկ Հարությունյանի քաղաքական ուժի ներկայացուցիչներն են, որոնք քվեարկել էին Սամվել Շահրամանյանին նախագահ ընտրելու օգտին։ Արթուր Հարությունյանը ղեկավարում էր «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը։

Լրահոս