Առջևում Օլիմպիական խաղերն են, որոնց պետք է լավագույնս պատրաստ լինել․ Արթուր Ալեքսանյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներն այս գիշեր վերադարձել են Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունից. Եվրոպայի արդեն 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանին, բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանին և հավաքականի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են դափնիներով և ծափողջույններով: Հիշեցնենք՝ Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է երրորդ տեղը՝ 2 ոսկե և 1 բրոնզե մեդալով: Ինչպես հայտնում է armsport.am-ը, աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշել է՝ յուրաքանչյուր չեմպիոնություն տարբերվում է և իր գինն ունի: «Յուրաքանչյուր չեմպիոնության համար տանջվել ու աշխատել եմ: Եվրոպայի չեմպիոն դառնալը միշտ է դժվար եղել, բայց տարեցտարի այն ավելի դժվար է դառնում: Առջևում Օլիմպիական խաղերն են, որոնց պետք է լավագույնս պատրաստ լինել»,- ասել է Արթուր Ալեքսանյանը: Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանն էլ հույս է հայտնել՝ Փարիզի Օլիմպիական խաղերից ևս կկարողանա ոսկե մեդալով վերադառնալ. «Ամեն ինչ կանեմ, որ Փարիզից էլ ոսկե մեդալով վերադառնամ: Եվրոպայի առաջնությունն այս տարվա առաջին մրցաշարն էր. ուրախ եմ, որ հաղթանակով մեկնարկեցի: Այս ոսկե մեդալն ինձ ավելի մեծ վստահություն տվեց, որպեսզի կարողանամ ավելի առաջ շարժվել»,- ասել է Մալխաս Ամոյանն ու ընդգծել՝ Եվրոպայի երրորդ չեմպիոնությունն իրեն բավականին բարդ տրվեց: «Շատ բարդ ստացվեց երրորդ ոսկե մեդալը նվաճել: Բոլորը պատրաստվում են քո դեմ: Ասում են՝ չեմպիոն դառնալը բարդ է, տիտղոսը պահելը՝ ավելի դժվար: Դա իսկապես այդպես է: Մարզիչների շնորհիվ կարողացա ճիշտ գոտեմարտեր անցկացնել և հաղթող ճանաչվել: Առհասարակ, բոլոր մրցակիցների դեմ նույն կերպ եմ տրամադրվում գորգ դուրս գալու և հաղթելու նպատակով: Անկախ նրանից՝ մրցակիցս թուրք է, թե այլ ազգի ներկայացուցիչ»,- ամփոփել է Մալխաս Ամոյանը: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, նշել է՝ փորձի պակասն իրեն խանգարել է ավելի լավ արդյունք գրանցելու համար. «Մրցավայր էի մեկնել հաղթելու նպատակով, սակայն, ցավոք, չստացվեց: Կարծում եմ՝ փորձի պակասը խանգարեց: Բավարարվեցի բրոնզե մեդալով: Հաջորդ անգամ կփորձեմ արդարացնել բոլորի սպասելիքները և ոսկե մեդալով վերադառնալ»,- նշել է երիտասարդ ըմբիշը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն էլ կարծիք է հայտնել՝ Եվրոպայի առաջնությունում տղաներն ավելիին էին ունակ. «Յուրաքանչյուր մրցաշարից մշտապես լուրջ սպասելիքներ ենք ունենում: Եվրոպայի առաջնությունը ցույց տվեց, որ մեր տղաները կարող էին ավելին»,- ասել է գլխավոր մարզիչն ու անդրադարձել հատկապես Կարեն Խաչատրյանին և Սլավիկ Գալստյանին, որոնք մեդալային հավակնություն ունեին, սակայն մարզչի խոսքով՝ վնասվածքներ են ստացել և չեն կարողացել լավագույնս ներկայանալ:

Լրահոս