Աշոտյանը ժողովրդավարական Հայաստանի քաղբանտարկյալներից է, ում գործի շինծու լինելու մասին որեւէ մեկը թերեւս արդեն կասկած չունի. Պատգամավոր

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրերս տեսակցության էի գնացել քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին: Նա ժողովրդավարական Հայաստանի քաղբանտարկյալներից է, ում գործի շինծու լինելու մասին որեւէ մեկը թերեւս արդեն կասկած չունի: Այս գործով անգամ տուժողին չեն կարողանում գտնել դատական կամ իրավապահ այլ մարմինները: Բայց Արմեն Աշոտյանը մոտ 10 ամիս է՝ անհիմն գտնվում է կալանքի տակ։ Ապրիլի 10-ին դատավոր Վահե Դոլմազյանը պետք է քննի Աշոտյանի կալանքի հարցը, որոշելով՝ քաղբանտարկյալը կշարունակի՞ մնալ կալանքի տակ, թե՞ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը կփոխարինվի այլ տեսակով: Եթե շարունակվեց նրա կալանքը, նշանակում է, որ Վահե Դոլմազյանը կատարում է քաղաքական հրահանգ, քանի որ Աշոտյանին կալանքի տակ պահելու որեւէ իրավական հիմք չկա: Ուզում եմ տեղեկացնել, որ Արմեն Աշոտյանի գործով հրատապ գրություններ եմ ուղարկել Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին, միջազգային կարեւորագույն կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ կազմակերպությունների՝ նրանց ուշադրությունը հրավիրելով ապրիլի 10-ի դատական նիստի վրա: Ինչ վերաբերում է Աշոտյանի տրամադրությանը, ապա այն, ինչպես միշտ, բարձր էր, մարտական: Միակ մտահոգությունը, որ ուներ մեր երկրին պատուհասած վտանգների պատճառով էր, որոնք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իր սադրանքներով եւ ոչ կոմպետենտությամբ բերել հասցրել է կրիտիկական պահի»:

Լրահոս