Աշխարհահռչակ օպերային երգիչ Ռամոն Վարգասը Հայաստանում է. մենահամերգը վաղն է

Աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Ռամոն Վարգասը առաջին անգամ բացառիկ մենահամերգով հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգը կկայանա Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր երաժիշտը նշեց, որ առաջին անգամ է գալիս Հայաստան։ «Ուրախ եմ հնարավորության համար, որ այստեղ ելույթ կունենամ, բացի այդ կծանոթանամ մարդկանց ու մշակույթին, կփորձեմ հայկական ուտեստներ։ Ես ունեմ շատ հայ գործընկերներ և Հայաստանի նկատմամբ համակրանք ունեմ։ Այս համերգային ծրագրում ես ընտրել եմ իմ գործունեության ընթացքում եղած այն արիաները, որոնք լավագույնն են, հուսամ՝ կհավանեն բոլորը։ Նաև կուզեմ նշել, որ նվագախումբը շատ բացառիկ է, դե իսկ մաեստրո Էդուարդ Թոփչյանն էլ՝ բացառիկ դիրիժոր»,-ասաց նա Համերգին կհնչեն տենորի համար գրված լավագույն և սիրված արիաները և նախերգանքներ համաշխարհային օպերային երկացանկից: Ծնունդով մեքսիկացի Ռամոն Վարգասն այսօր աշխարհի առաջատար օպերային երգիչներից է: 1992թ.-ին Մետրոպոլիտեն օպերայում Լուչանո Պավարոտտիին «Լյուչիա դի Լամերմուր» օպերայում փոխարինելուց հետո նա դարձավ աշխարհի գլխավոր թատրոնների ցանկալի հյուրը:․ Պատասխանելով հարցին, թե ինչ խորհուրդ կտա սկսնակ ու երիտասարդ երգիչներին՝ ասաց․ «Երիտասարդները հիմա պետք է շատ աշխատեն, լավ պատրաստվեն և կարևոր է, որ մասնակցեն համապատասխան մրցույթների, որոնց ժամանակ համեմատության մեջ կհասկանան՝ ի՞նչ մակարդակի վրա են իրենք, կկատարելագործվեն ու կհասնեն իրենց նպատակին։ Երբ մարդն իսկապես տաղանդավոր է, ապա նրա առաջ բոլոր հնարավորությունները բացվում են ու նրան նկատում»​​​​​​​ Երգչի դեբյուտը Լա Սկալայում էր, այժմ մշտապես ելույթներ է ունենում Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնում, Լոնդոնի Թագավորական թատրոնում, Լա Սկալայում, Մետրոպոլիտենում, Մադրիդի թագավորական թատրոնում, Փարիզի Օպերա Բաստիլում, Սան Ֆրանցիսկո օպերայում, Վիեննայի պետական օպերայոին թատրոնում, Արենա դի Վերոնայում և այլուր: Վարգասը նաև բազում մրցանակների է արժանացել՝ «Լաուրի Վոլպիի» մրցանակ (Lauri Volpi Award), որպես Իտալիայի 1993թ.-ի համերգաշրջանի լավագույն երգիչ, 1995-ին Իտալիայի քննադատները միաձայն նրան շնորհեցին արվեստի բնագավառում «Ջինո Տանիի» մրցանակը (Gino Tani Award), 2000-ին British Opera Now-ն Վարգասին հայտարարեց, որպես «Տարվա արտիստ», 2021-ին ավստրիական Festspiele ամսագիրը նրան դասեց աշխարհի լավագույն տենորների շարքին, 2001-ին ստացավ ECHO Klassik-ի մրցանակ, որպես «Տարվա երգիչ» գերմանական Phono Academy-ի կողմից, 2005-ին Պուչչինիի մցանակ Puccini Foundatzione-ի կողմից, 2018-ին արժանացավ «Opera News Award» մրցանակի, 2020-ին Մեքսիկայում արժանացավ “Ortiz Tirado Award”-ին: 2000թ-ին Վարգասը և նրա կինը՝ Ամալյան, հիմնեցին բարեգործական հիմնադրամ, որն աջակցում է հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին, ովքեր ապրում են Մեքսիկայի սոցիալապես անապահով և մեկուսացված շրջաններում: Հիմնադրամը ստեղծվել է ի հիշատակն նրանց որդու՝ Էդուարդոյի, ով մանկական ուղեղային կաթված ուներ և մահացել է վեց տարեկան հասակում: Ռամոն Վարգաս հիմնադրամի (Ramón Vargas’ Foundation) նպատակն է սահմանափակ հնարավորություններով երեխաներին օգնել ինտեգրվել հասարակության մեջ և զարգացնել իրենց ունակությունները, ինչպես նաև համապատասխան աջակցություն ցուցաբերել նրանց ծնողներին, ուսուցիչներին և շրջապատի այլ անդամներին: Արմինե Բրսոյան

Լրահոս