Այս իշխանությունն ինքը անվտանգության սպառնալիք է, առանց որի հեռացման անհնար է խոսել հայկական պետության մասին. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ԱԽ քարտուղարն օրերս հայտարարեց, թե «մեր անվտանգության ձախողման պատճառն այն է եղել, որ անվտանգության սպառնալիքի դեպքում զանգել ենք Մոսկվա, ուրիշ որևէ տարբերակ չի եղել»: Առաջին հայացքից թվում է, որ վերոնշյալ անձը փորձում է իրենց տապալումները գցել նախկին կառավարությունների վրա, սակայն իրականում այլ` խոշոր վտանգավոր թեզեր է առաջ մղում: Առաջին, անարգում է այն ամենը, ինչ կապված է մեր հերոսների, բանակի, կամավորների, հայ ժողովրդի անզիջում պայքարի հետ` առաջին արցախյան պատերազմից մինչև դիվերսիոն պատերազմներ, 2016-ի ապրիլյան պատերազմ և այլն: Մեր հաջողություններն ու ձեռքբերումները կապում արտաքին ուժերի հետ: Ի դեպ, այդ նույն ապրիլյան պատերազմում Ադրբեջանն էր զանգեր անում Մոսկվա` պատերազմը կանգնեցնելու և հրադադար հաստատելու համար: Երկրորդ, ԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում, մեր ձեռքբերումները` անկախության հռչակումից մինչև հաղթանակներ, փորձում պայմանավորել ՌԴ-ի միջամտությամբ: Երրորդ, ԱԽ քարտուղարն օգտագործում է առիթը` հակառուսական ձևակերպումներ անելու և թեման այդ լոգիկայի ներքո ներկայացնելու համար: ԱԽ քարտուղարը որպես շրջադարձ համարում է իր իշխանության կողմից սահմանազատում իրականացնելու գործընթացը, որը, նրա պնդմամբ, որևէ արտաքին ազդեցություն չունի: Հատկանշական է, որ գործող իշխանությունն իր հաջողությունը կապում է մի գործընթացի հետ, որը միջազգային պրակտիկայի, նախադեպերի, իրավական հիմքի առումով խայտառակ շեղումներով է ընթացել, դեռ չեմ խոսում աննախադեպ ապօրինությունների մասին: Այս իշխանությունն ինքը անվտանգության սպառնալիք է, առանց որի հեռացման անհնար է խոսել հայկական պետության, ինքնիշխանության պաշտպանության և անվտանգության համակարգի մոդեռնիզացման մասին»:

Լրահոս