Այս իշխանությունը տեղ չունի Հայաստանի ղեկին և օր առաջ պետք է հեռանա կամ հեռացվի. «Որդիների կանչ»

«Որդիների Կանչ» ՀԿ-ն խստորեն դատապարտում է երեկ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում գործող իշխանության միակ հենարանը հանդիսացող ոստիկանական ուժերի կողմից կառավարության հրաժարականը պահանջող խաղաղ ցուցարարների հանդեպ դրսևորած վայրագությունները, խոշտանգումները, դաժանությունները, լուսաձայնային, բեկորային հատուկ միջոցների անհիմն կիրառումը և ցուցարարներին ուղղված հայհոյանքները, այս մասին ասվում է ՀԿ-ի տարածած հայտարարությունում։ «Կարելի է արձանագրել, որ այսօրվա ՀՀ ոստիկանությունը ամբողջ աշխարհի առջև իրեն ցուցադրում է որպես անօրինական հրամաններ կատարող բազմահազարանոց մի հանցախումբ, որի վարձատրության չափը ուղիղ համեմատական է ցուցարարների հանդեպ գործադրած դաժանության աստիճանին: Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած հերթական ինքնախոստովանությունը, թե դեռևս 2018թ-ին պետք է ասեր, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, ևս մեկ անգամ վկայում է, որ գործ ունենք թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանության հետ, և որ ամեն ինչ՝ 2018թ.-ից առայսօր եղել է նախօրոք պլանավորված, և՛ արցախյան 44-օրյա պատերազմի հրահրումը, և՛ պայմանավորված պարտությունը, և՛ հետագա տարիներին տեղի ունեցած, այսօր էլ շարունակվող և սպասվող աղետաբեր իրադարձությունները: Ոստիկանական բազմահազարանոց հաղթանդամ «տղամարդկանցով» համալրված ուժերի օգտագործումը սեփական ժողովրդի՝ խաղաղ ցուցարարների դեմ, նրանց խոշտանգումը, առևանգումը, և նույն ուժերի չկիրառումը Արցախը ադրբեջանական զինված ուժերի դեմ միայնակ թողնելիս, Հայաստանի ինքնիշխան տարածքները թշնամուն հանձնելիս, հաստատում է այն հրամայականը, որ այս իշխանությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետության ղեկին և օր առաջ պետք է հեռանա կամ հեռացվի: «Որդիների Կանչ» ՀԿ-ն լինելու է Սրբազան պայքարում Սրբազանի կողքին մինչև հայրենիքի ազատագրումը թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանություններից»,- ասվում է հայտարարությունում։

Լրահոս